Իրանի բանակի ցամաքային ուժերը կհամալրվեն «Քարրար» տանկով

Մինչև տարեվերջ (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21) Իրանի բանակի ցամաքային ուժերին կմատակարարվի տեղական արտադրության «Քարրար» տանկը։ Այս մասին հայտարարել է  Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։ Հուլիսի 3-ին փոխանցում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ն նախատեսում է իր սպառազինությունը համալրել նոր «Քարրար» տանկով և երկրի պաշտպանության նախարարությունից պատվիրել են մատակարարել այդ տանկերից։ ԻՀՊԿ-ի՝ «Քարրար» տանկերով համալրման մասին առայժմ այլ բան հայտնի չէ։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Քիոմարս Հեյդարին հավելել է նաև, որ ընթացիկ տարում Իրանը կսկսի նաև սպառազինությունում առկա Տ-72 տանկերի արդիականացումը։

2016թ. տվյալներով Իրանի բանակը համալրված է 480 միավոր Տ-72Ս տանկերով։

«Քարրար» տանկը Իրանը պաշտոնապես ներկայացրել է 2017 թվականի մարտի 12-ին։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ տանկը ամբողջովին կարող է բավարարել Իրանի ԶՈւ կարիքները։

Տանկը սպառազինված է նավիգացիոն սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Ունի դինամիկ զրահ,  լազերային հեռաչափ։

Հիշեցնենք, որ  2016թ. փետրվարին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և  մտադիր է սեփական տանկեր արտադրել:

Այնուհետև  Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը սկսել է «Քարրար» տանկերի արտադրությունը, և որ այդ տանկերը ոչնչով չեն զիջում ռուսական Տ-90-ին: Իսկ արդեն  օգոստոսին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Քարրար» տանկը:

«Քարրար» տանկը ստեղծվել է ռուսաստանյան Տ-72 տանկերի հիման վրա։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *