«Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական տարբերակով ՀՀ ՊՆ-ն փորձում էր հասկանալ պահանջարկը

Հունիսին մեկնարկել էր ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական տարբերակը: Ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումների, սպասվող փոփոխությունների, փորձնական տարբերակի արդյունքների մասին Ռազմինֆոն զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մինչև օրենսդրական ընդունման փուլը չանցնի, ծրագիրը չի կարող լիովին գործարկվել: Իսկ փորձնական տարբերակը ենթադրում է ընթացակարգերի, գործառույթների ստուգում, ընդհանուր տրամադրությունների ընկալում՝ բուհերում ինչ վիճակ է, ինչ մոտեցումներ կան այս հարցերի վերաբերյալ. «Փորձում ենք հասկանալ պահանջարկը, թե քանի պոտենցիալ դիմորդ կարող ենք ունենալ»:

Ծրագրի փորձնական փուլի ընթացքում երկու-երեք օրվա ընթացքում դիմել է 55 մարդ: Այնուամենայնիվ, ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի, չի հաջողվել ստանալ ամբողջական և լիարժեք պատկերը՝ ժամկետների սահմանափակության և «սպեցիֆիկության» խնդիրներով պայմանավորված:

«Այսինքն՝ մենք ուսանողների հետ աշխատելու համար ունեինք ընդամենը մեկ-երկու օր, ընդ որում՝ բուհերում քննաշրջան է, և ոչ բոլորը կարողացան տեղեկանալ, ինֆորմացիան հասցեատիրոջը հասցնելու խնդիր ունեինք … Ավելի շատ ժամանակ չէինք կարող հատկացնել, որովհետև հուլիսից սկսում է ամառային զորակոչը, այսինքն՝ պոտենցիալ ուսանողների մեծ մասը, ամառային զորակոչին ենթակա ե: Այնտեղ մենք ունեինք կարգը մշակելու խնդիր, ընտրանքը կատարելու խնդիր, այսինքն՝ այդ իրավական դաշտը ապահովված չէր, ժամկետների մեջ զուտ հնարավոր չէր այդ ամեն ինչը հավուր պատշաճի կազմակերպել»:

Մեկ այլ փորձնական՝ պիլոտային տարբերակ է նախատեսվում նաև ձմեռային զորակոչի շրջանակներում, այսինքն նրանց համար, ովքեր «ենթակա են ձմեռային զորակոչին կամ ավելի հետո»:

Պիլոտային ծրագիրն անցկացվելու է միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հետագայում, երբ ծրագիրը դառնա հիմնական, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նաև Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում:

Հունիսի 28-ի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ ծրագիրը հանրային քննարկումների փուլում է, և կան առաջարկներ, որոնք տեղ կգտնեն ծրագրերի վերջնական տարբերակներում:

Այս մասին մեր զրուցակիցը հայտնեց, որ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ կան, օրինակ՝ տրվող ֆինանսական միջոցների ծախսման տեղերի [հնարավորությունների] վերաբերյալ.

«Մարդիկ հասարակ հարց են տալիս՝ իսկ եթե այդ ծրագրերից մեկի [համար պահանջվող] գումարը [տրամադրվող] գումարի կեսի կեսի կե՞սն է: Հարցեր են, որոնք ընթացքում քննարկվում են»:

Հարցին՝ արդյոք ավելի կընդլայնվեն գումարի տնօրինման ուղղությունները՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց.

«Իմ կարծիքով՝ այո, և ավելի ճկուն տարբերակներ կառաջարկվեն, օրինակ՝ երկու-երեք հոգով նույն համայնքում բիզնես դնելու տարբերակ, հետաքրքիր լիքը բաներ կներմուծվեն … Երբ ամփոփենք քննարկումները, կհրապարակենք: Ինտենսիվ քննարկումների փուլ է»:

Արծրուն Հովհաննիսյանի հետ զրուցեցինք նաև ներկայում գործող «սպայական ժամկետային ծառայության» ևս մեկ տարբերակի մասին, որով պարտադիր ժամկետային ծառայության զորակոչի ենթակա, բուհերի շրջանավարտ քաղաքացիները կարող են անցնել ՀՀ ՊՆ մեկամյա սպայական դասընթացներ և դրանից հետո 2 տարի որպես սպա ծառայել զինված ուժերում՝ որպես ժամկետային ծառայության այլընտրանք: 

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ծրագիրը գործում է նաև ներկայում, երկու ծրագրերի հիմնական տարբերությունը պայմանավորված է տարկետման իրավունքով: Այսինքն՝ նշված ծրագրում ընդգրկվում են նրանք, ովքեր արդեն իսկ ունեն տարկետման իրավունք և տեղափոխվում են քաղաքացիական բուհի երկրորդ կուրս և երկրորդ կուրսի առաջին կիսամյակից մինչև չորրորդ կուրսի առաջին կիսամյակի ավարտը (5 կիսամյակ) շաբաթ օրերին ՌՈւՀ-երում մասնակցում են ռազմական պատրաստության դասընթացի:

Ծրագիրն առաջին երկու տարում անցկացվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այս տարվանից ծրագիրը կգործի նաև ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում:

«Առաջին տարին ունեցել ենք միայն հրաձիգներ, երկրորդ տարվա ընթացքում ավելացրել ենք նաև հրետանի [մասնագիտությունը], իսկ այս տարի Խանփերյանցում կավելանա նաև կապի մասնագիտությամբ, ինչպես նաև ՀՕՊ»:

Վերոնշյալ և «Պատիվ ունեմ» ծրագրերի ամենամեծ տարբերություններից մեկն էլ այն է, որ առաջինի դեպքում ծառայությունը երկու տարի է, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի դեպքում՝ երեք տարի:

«Պատիվ ունեմ» ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *