Թուրքիային Ս-400-ներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրն արդեն համաձայնեցվել է. ՌԴ նախագահի օգնական

Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրն արդեն համաձայնեցվել է, սակայն դեռևս որոշված չէ վարկի չափը, որը Ռուսաստանը պետք է տրամադրի Թուրքիային՝ համակարգերի գնման համար: Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Հունիսի սկզբին Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը արդեն համաձայնեցրել են համակարգերի մատակարարման վերաբերյալ կնքվելիք պայմանագրի տեխնիկական հարցերը:

Դեռևս այս տարվա ապրիլին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կողմերը սկզբունքորեն արդեն պայմանավորվել են և քննարկում են համատեղ արտադրության ու գնի հարցերը:

Այսինքն, ըստ Չավուշօղլուի հայտարարության՝ թուրքական կողմը փորձում է համակարգերի հետ միասին Ռուսաստանից ձեռք բերել նաև համակարգերի արտադրման–հավաքման տեխնոլոգիաներ:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան հայտարարել է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: 2013 թ. այդ մրցույթը շահել էր չինական ընկերություններից մեկը, սակայն ավելի ուշ այդ ընկերության հետ համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին:

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չէին համաձայնում Թուրքիային վաճառել իրենց ՀՕՊ համակարգերը, քանի որ թուրքական կողմը նրանցից ևս ցանկանում էր ստանալ համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ:

2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից Թուրքիան Ս-400 համակարգերի գնման շուրջ սկսեց բանակցել Ռուսաստանի հետ: Սակայն կողմերը դեռևս որևէ պայմանագիր չեն ստորագրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *