Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրված է. Իրաքի ոստիկանական ուժերի հրամանատար

Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից։ Այս մասին հայտարարել է Իրաքի ոստիկանական ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Շաքեր Ջավդաթը։ Այս մասին հունիսի 28-ին փոխանցում է Iraqinews լրատվակայքը։

Հրամանատարի խոսքով՝ ոստիկանական ուժերը այժմ առաջ են շարժվում Բաբ ալ-Թոուբ, Սերջխանա, Բաբ Ջադիդ, Բաբ Լակաշ շրջանների ուղղությամբ։

Մոսուլի արևմտյան հատվածը. կանաչով ներկված են կառավարական ուժերի վերահսկած թաղամասերը (21.06.2017)

Մոսուլի արևմտյան հատվածը. կանաչով ներկված են կառավարական ուժերի վերահսկած թաղամասերը (21.06.2017)

Առաջխաղացման  ընթացքում ոստիկանական ուժերը արդեն սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 63 զինյալի։ Սպանվածների թվում է նաև ԻՊ այսպես կոչված «ռազմական ոստիկանության ծառայության հրամանատար» Ահմեդ ալ-Ջուբորին։

Ոստիկանական ուժերը ոչնչացրել են նաև 54 պայթուցիկ սարք։

Ավելի վաղ Իրաքի բանակի հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ղանի ալ-Ասադին հայտարարել էր, որ  Մոսուլ քաղաքը ազատագրելու գործողությունները կավարտվեն մոտ օրերս։

Ըստ հրամանատարի՝ Մոսուլում մնացել են շատ քիչ թվով ԻՊ զինյալներ, որոնք հիմնականում կենտրոնացած են հին քաղաքում։

«Ռազմական տեսանկյունից ԻՊ-ն էլ չկա։ Նրանք կորցրել են մարտական ոգին և հավասարակշռությունը։ Մենք կոչ ենք անում նրանց հանձնվել կամ պարտվել», — հայտարարել է Ասադին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ զինյալները պայթեցրել էին Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթը, որտեղ  2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել էր այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին։

Իրաքի պաշտպանության նախարարը մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում էր որակել։

«Իսլամական պետություն» խմբավորման ներկա վիճակին անդրադարձել ենք նաև Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի հաղորդման ընթացքում:

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ: 2017-ի հունվարին Իրաքի ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Մոսուլ արևելյան հատվածում, ինչին հաջորդել են արևմտյան հատվածի ազատագրման համար գործողությունները

2017-ի մայիսի կեսերի դրությամբ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի մոտ 90 տոկոսը, զինյալների վերահսկողության տակ այժմ մի քանի թաղամաս է մնացել, որոնց մեջ է նաև Ալ-Նուրի Մեծ մզկիթը:

Իրաքի կառավարական բանակը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն մզկիթը ազատագրել ԻՊ-ից մուսուլմանների համար սուրբ համարվող «Ռամադան» ամսվա ընթացքում:

Իրաքի Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ քաղաքը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *