Թուրքիայի զինուժը հրետակոծել է քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսում

Հունիսի 27-ին Թուրքիայի զինուժը հրետանիով կրակել է Սիրիայի հյուսիսային, անմիջապես Թուրքիային սահմանակից Աֆրինի շրջանում քրդական PYD և դրա ռազմական թև համարվող YPG խմբավորումների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքական կողմի պնդմամբ՝ հունիսի 27-ի երեկոյան Աֆրինի շրջանից քրդական կառույցները ԴՇԿ տիպի գնդացիրով կրակել են դեպի թուրքական կողմ: Սրան պատասխանելով՝ թուրքական բանակը սկսել է կրակել քրդերի ուղղությամբ: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի զինուժը 20-ից ավելի կրակոց է արձակել:

Քրդական ANF լրատվական գործակալության տվյալներով՝ կրակոցները սկսել են ոչ թե քրդերը, այլ հենց թուրքական զինուժը: Գործակալությունը հայտնում է, որ բացի հրետանուց, քրդերի դեմ գործողություններին թուրքական կողմը ներգրավվել է նաև հետախուզական ինքնաթիռներ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգերի, ինչպես նաև տանկերի նոր խմբեր է փոխադրել երկրի հարավարևելյան Քիլիս նահանգ՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին սահմանակից ԶՈւ ստորաբաժանումներ:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական կառույցները համարում է «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) «սիրիական թև» և նույնպես «ահաբեկչական կազմակերպություն»:

Ներկայում Սիրիայի հյուսիսում տարածքների մեծ մասը վերահսկում են հենց քրդական այս կառույցները: Սրան բացասաբար է վերաբերում թուրքական կողմը: Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ իրենք թույլ չեն տա թուրք-սիրիական սահմանին քրդական ինքնավարության կամ էլ պետության ստեղծումը:

Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանների միավորումը կանխելու նպատակով Թուրքիան 2016 թ. օգոստոսին սկսեց «Եփրատի վահան» գործողությունը, ինչի արդյունքում թուրքական զինուժը գրավեց Սիրիայի հյուսիսում մոտ 2000 քառ. կմ տարածք և փաստացիորեն արգելապատնեշ ստեղծեց քրդերի միավորման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *