Հունիսի 22-ին Թուրքիայի զինուժի՝ արևմտյան Մանիսա նահանգում տեղակայված 1-ին հետևակային ուսումնական բրիգադի զորանոցներից մեկում զանգվածային սննդային թունավորման դեպքի առթիվ ձերբակալվել է Թուրքիայի ԶՈւ 6 սպա և ենթասպա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Մանիսա նահանգի դատախազությունը զորանոցում սննդային թունավորման համար 2 տարբեր հետաքննություն է իրականացնում:
Ընդհանուր առմամբ, զորամասում 700-ից ավելի զինծառայողի թունավորման դեպքի առթիվ ձերբակալվել է 40 մարդ, որոնց մեծ մասը զորանոցին սննդամթերք մատակարարող ընկերության աշխատակիցներ են, այդ թվում՝ նաև ընկերության գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Մանիսա նահանգում տեղակայված 1-ին հետևակային բրիգադի զորանոցներից մեկում 731 զինծառայողի մոտ սննդային թունավորման դեպք է արձանագրվել: Զինծառայողները արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Մանիսա նահանգի զինված ուժերի նույն ստորաբաժանումում սննդամթերից թունավորման դեպք է արձանագրվել մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 23-ին: Այդ ժամանակ թունավորվել է մոտ 350 զինծառայող, բացի այդ, զինծառայողներից մեկը մահացել է թունավորման հետևանքով: