Թուրքիան շարունակում է զինտեխնիկա և զորքեր կուտակել Սիրիայի հետ սահմանին

Հունիսի 21-ին Թուրքիայի զինուժը երկրի արևմտյան նահանգներից զինտեխնիկա և զորքեր է ուղարկել Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի Աֆրին շրջանին սահմանակից ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը հրետանային համակարգեր և հրետանային մարտկոցներ է ուղարկել անմիջապես Սիրիայի սահման

Թուրքիայի զինուժը հրետանային համակարգեր և հրետանային մարտկոցներ է ուղարկել անմիջապես Սիրիայի սահման

Մասնավորապես Թուրքիայի զինուժը Քիլիս է ուղարկել «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգեր (մարտկոցներ): Դրանք տեղակայվել են Թուրքիայի ցամաքային զորքերի սահմանապահ 3-րդ գումարտակի հրամանատարությանը կից ստարաբաժանումներում:

Հունիսի 9-ին Թուրքիայի զինված ուժերը նաև տանկեր են ուղարկել Սիրիայի Աֆրին շրջանին սահմանակից հատված: Աֆրինը վերահսկում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և նրա զինված ստորաբաժանումները՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատներ» (YPG):  Թուրքիան Սիրիայի քրդական կառույցները համարում է «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) «սիրիական թև» և նույնպես «ահաբեկչական կազմակերպություն»:

Նշենք, որ ներկայում Սիրիայի հյուսիսում տարածքների մեծ մասը վերահսկում են հենց քրդական այս կառույցները: Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ իրենք թույլ չեն տա թուրք-սիրական սահմանին քրդական ինքնավարության կամ էլ պետության ստեղծումը:

Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանների միավորումը կանխելու նպատակով Թուրքիան 2016 թ. օգոստոսին սկսեց «Եփրատի վահան» գործողությունը, ինչի արդյունքում թուրքական զինուժը գրավեց Սիրիայի հյուսիսում մոտ 2000 քառ. կմ տարածք և փաստացիորեն արգելապատնեշ ստեղծեց քրդերի միավորման համար:

Մյուս կողմից քրդական այս կառույցների «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանականերում աջակցում է Միացյալ Նահանգները: 2016 թ. ԱՄՆ օգնությամբ քրդերը և արաբական որոշ խմբավորումներ կազմավորել են «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որոնք մի քանի ամիս տևած գործողությունների արդյունքում «Իսլամական պետությունից» ազատագրել են զգալի տարածքներ: 2017 թ. հունիսից այդ ուժերը սկսել են գրոհել ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքա քաղաքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *