Պակիստանի օդուժը երկրի արևմուտքում իրանական ԱԹՍ է խոցել

Պակիստանի ռազմաօդային ուժերի  PAC JF-17 Thunder կործանիչը երկրի Բալուչեսթան նահանգի Փանջգուր շրջանում իրանական անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին հունիսի 20-ին  հայտնում է պակիստանյան Dawnnews լրատվակայքը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն

Ըստ լրատվակայքի՝ իրանական ԱԹՍ-ն Պակիստանի տարածքում «լրտեսություն էր իրականացնում»։ ԱԹՍ-ի խոցման կոնկրետ ժամանակահատված չի նշվում։

Նշենք, որ Իրանը  երկրի հարավում ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկիչների դեմ։ Ավելի վաղ  իրանա-պակիստանյան սահմանին «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորման հետ բախումների արդյունքում սպանվել էր 9 իրանցի սահմանապահ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչը Սիրիայի կառավարամետ ուժերի՝ իրանական արտադրության Shahed-129 անօդաչու սարք էր խոցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *