Իրանի հյուսիսում «Իսլամական պետության» 40 զինյալ է ձերբակալվել

Իրանի Արևմտյան Ազարբայջան նահանգի տարբեր քաղաքներում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 40 անդամ։ Փոխանցում է իրանական «Ֆարս» լրատավական գործակալությունը։

Ահաբեկիչներից առգրավվել է զենք-զինամթերք։

Ահաբեկիչները նպատակադրվել էին գիշերային ժամերին ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Ահաբեկիչների ձերբակալման կոնկրետ ժամանակահատված չի նշվել։

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը (արխիվ)

Նույն  օրը Ղոմի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ հունիսի 7-ի Թեհրանի ահաբեկչության ժամանակ ահաբեկիչներ են ձերբակալվել նաև Ղոմում։

Մինչ այդ  հայտնի էր դարձել, որ  Թեհրանի ահաբեկչության օրը  Իրանի հետախուզության ուժերը վնասազերծել էին մեկ ահաբեկչական խումբ. արդյոք խոսքը նույն խմբի մասին է՝ հայտնի չէ։

Ղոմը Իրանի խոշորագույն կրոնական քաղաքն է, այստեղ են այցելում նաև շիաներ աշխարհի տարբեր ծայրերից և սպասելի է, որ հունիսի 7-ին ահաբեկչական գործողություն էր ծրագրավորված նաև այստեղ։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ահաբեկիչներին աջակցելու և ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Ահաբեկչական  հարձակումներից հետո Իրանը բավականին խստացրել է երկրի հսկողությունը։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *