Թուրքական ուսումնամարտական ինքնաթիռը մասնակցում է Փարիզի ցուցահանդեսին

Հունիսի 19-ին թուրքական TAI ընկերության արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը առաջին արտասահմանյան ցուցադրական թռիչքն է իրականացրել Փարիզում անցկացվող 52-րդ միջազգային ավիացուցահանդեսում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թռիչքը տևել է մոտավորապես 6 րոպե: Թռիչքին հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, ինչպես նաև ցուցահանեդեսին մասնակցող այլ պաշտոնյաներ:

Փարիզի ավիացուցահանդեսին «Հյուրքուշ» ինքնաթիռի հետ միասին ցուցադրվելու են նաև TAİ-ի ընկերության նախագծած T-625 թեթև բազմանպատակային ուղղաթիռը, T129 «Աթաք» (ATAK) հարվածային ուղղաթիռը, «Անքա» ԱԹՍ-ն:

Հիշեցնենք. որ այս տարվա ապրիլի «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռից փորձնական կրակել են թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության «Մըզրաք-Ու» հակատանկային, լազերային ուղղորդմամբ հրթիռներով:

2016-ին TAİ ընկերությունը սկսել էր «Հյուրքուշ» ինքնաթիռի միջազգային թեստավորման փուլը՝ արտասահմանում վաճառքի թույլտվություն ստանալու համար: Մասնավորապես խոսքը «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) ինքնաթիռների CS-23 քաղաքացիական  արտոնագրման փուլի մասին էր:

«Հյուրքուշը» շարժիչի հզորությունը կազմում է շուրջ 1600 ձիաուժ: Այն կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել 10,6 հազար մետր բարձրության վրա: «Հյուրքուշն» իր առաջին թռիչքն իրականացրել է 2013-ի օգոստոսին: Թուրքիայի զինուժը դեռևս նման ինքնաթիռներ չի ստացել: Եթե նախկինում նախատեսվում էր ստանալ 2018 թ., ապա ներկայում այդ ժամկետը հետաձգվել է առնվազն մինչև 2020 թ.:

Նշենք, որ Փարիզի «Լը Բուրժեի» օդանավակայանում անցկացվող ավիացուցահանդեսը խոշորագույնն է աշխարհում: Այս տարվա ցուցահանդեսը անցկացվում է հունիսի 19-25-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *