Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի կողմից 3 իրանցի զինծառայողի ձերբակալության լուրերը

Իրանի ՆԳՆ սահմանային հարցերով տնօրեն Մաջիդ Աղաբաբային հերքել է Սաուդյան Արաբիայի հայտարարությունը այն մասին, որ հունիսի 17-ին արաբ սահմանապահները Պարսից ծոցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 3 զինծառայողի են ձերբակալել։ Այս մասին հունիսի 19-ին հայտնում է իրանական «Young Journalists Club» լրատվակայքը։

Հունիսի 17-ին իրանցի պաշտոնյան նաև հայտարարել էր, որ Պարսից ծոցում սաուդյան սահմանապահները սպանել են իրանցի ձկնորսի։ Ըստ նրա՝ իրանական 2 ձկնորսական նավ ալիքների պատճառով շեղվել է իր ուղուց (սակայն հստակ հայտնի չէ՝ խախտել են Սաուդյան Արաբիայի սահմանը, թե ոչ), սաուդյան սահմանապահները կրակ են բացել իրանցի ձկնորսների ուղղությամբ, ինչի հետևանքով ձկնորսներից մեկը սպանվել է։ Հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մոտորանավակները հարձակման ժամանակ, (արխիվ)

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մոտորանավակները հարձակման ժամանակ, (արխիվ)

Իրանցիների այս հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ  ուրբաթ օրը 3 իրանական նավ է փորձել  մոտենալ Սաուդյան Արաբիայի «Մարջան» նավթահանքին և «ահաբեկչական գործողություններ» իրականացնել։

Սաուդյան Արաբիայի սահմանապահները կրակ են բացել նավերի ուղղությամբ, ինչից հետո  նավերից երկուսը հեռացել են, իսկ մյուս նավի անձնակազմը (3 հոգի) ՝ ձերբակալվել։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի հայտարարությունը իրականության հետ կապ չունի. խոսքը ձկնորսների միջադեպի մասին, և Սաուդյան Արաբիայի սահմանին են մոտեցել ձկնորսական նավեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հարավում վնասազերծվել էր Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչականն խումբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *