Թուրքիայից Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը կսկսվի հուլիսին. Գերմանիայի ՊՆ

Հունիսի 18-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուռսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերումը սկսվելու է այս տարվա հուլիսին:Փոխանցում է Deutsche Welle լրատվական գործակալությունը:

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանան «Մուավակ Սալտի» ավիաբազաների տեղադրությունը

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանան «Մուավակ Սալտի» ավիաբազաների տեղադրությունը

Նա նաև հայտնել է, որ «Ինջիրլիք» ավիաբազայից գերմանական զորքերի տեղափոխումը Հորդանան կտևի մոտ 3 ամիս, այսինքն հուլիսին սկսելու դեպքում զորքերի դուրսբերումը կավարատվի 2017-ի սեպտեմբերին:

«Մինչև հունիսի վերջ մեր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում: Դրանից հետո մենք կսկսենք ինքնաթիռների տեղափոխումը որքան հնարավոր է շուտ», — ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայից Հորդանան տեղափոխման հետևանքով Գերմանիայի ԶՈւ առաքելությունը Մերձավոր Արևելքում որոշ ժամանակ կդադարեցվի: Ըստ նրա՝ Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռների և անհրաժեշտ տեխնիկայի դուրս բերումը փոքր-ինչ երկար կարող է տևել, ինչի արդյուքնում ինքնաթիռները հավանաբար կվերսկսեն թռիչքները հոկտեմբերից:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Գերմանիայի կառավարությունը որոշել է հանել  ԶՈւ ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Գերմանիայի զինուժը և «Տորնադո» կործանիչները տեղափոխվելու են Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազա:

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների լարծավության պատճառն այն է, որ 2017-ի մայիսին Գերմանիան նախնական քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Սրանից անմիջապես հետո Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին:

Գերմանիայի ԶՈւ «Տոռնադո» կործանիչ՝ «Ինջիրլիք» ռազմաբազայում

Գերմանիայի ԶՈւ «Տոռնադո» կործանիչ՝ «Ինջիրլիք» ռազմաբազայում

Թուրքիան Գերմանիայի պատվիրակությանը չէր թույլատրել այցելել Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին նաև 2016-ի հուլիսին, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր  նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

«Ինջիրլիք» ավիաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ծառայություն էր իրականացնում Գերմանիայի ԶՈւ շուրջ 250 զինծառայող: Այդ ավիաբազայում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *