Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ֆորմատը Հայաստանի դեմ ուղղված չէ. քաղաքագետ

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ֆորմատով ռազմական համագործակցության՝ Հայաստանի համար ներկայացնող հնարավոր վտանգների և Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի թուրքական դիրքորոշման մասին Ռազմինֆոն զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, որ իրական վտանգներ կան հենց այս եռակողմ ֆորմատով:

«Վրաստանի, Ադրբեջան, Թուրքիայի հարաբերությունները ռազմական ոլորտում իրենց մեջ ներառում են որոշ համատեղ զորավարժություններ և համագործակցություն, սակայն չեն պարունակում երաշխիքների կամ ընդհանուր գործողությունների ինչ-որ մի ալգորիթմ, որը կարող է ինչ-որ ձևով մեկնաբանվել Հայաստանի դեմ՝ ի տարբերություն երկկողմ թուրք-ադրբեջանականի, որտեղ նույնպես այն հստակ գարանտիաները Թուրքիան չունի Ադրբեջանի հանդեպ, որը տարբեր ձևով կարելի է մեկնաբանել, բայց ունի Հայաստանը Ռուսաստանի հետ և՛ երկկողմ և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում… Նաև պետք է չմոռանալ, որ իրականում գլխավոր ուղղվածությունը առնվազն Վրաստանի համար Ռուսաստանի դեմ է, և ուղղված չէ Հայաստանին», — նշում է քաղաքագետը:

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ ֆորմատով համագործակցում են 2014 թվականից: Այս ֆորմատով առաջին հանդիպումն անցկացվել է 2014-ի օգոստոսին, հանդիպման ընթացքում որոշվել էր համատեղ զորավարժություններ անցկացնել: Երկրների հերթական «Կովկասի արծիվ» վարժանքները անցկացվեցին 2017թ. հունիսի 4-14-ը:

Ցուցադրական վարժանքներ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համատեղ «Կովկասյան արծիվ» զորավարժությունից

Ցուցադրական վարժանքներ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համատեղ «Կովկասյան արծիվ» զորավարժությունից

Կովկասյան ուղղությունից բացի, Թուրքիան փորձում է ընդլայնել ազդեցությունը նաև Մերձավոր Արևելքի այլ պետություններում, մասնավորապես՝ որոշել է Կատարում զորախումբ տեղակայել (առավել մանրամասն՝ այստեղ):

Քաղաքագետը նշում է, որ վերջին տասնամյակում Թուրքիան փորձում է ձևացնել, որ ոչ թե միայն տարածաշրջանային պետություն է, այլև գլոբալ տերության հավակնություններ է փորձում ցույց տալ, սակայն արդյոք դա կիրագործվի, թե ոչ, դեռ մեծ հարց է.

«Հատկապես վերջին իրադարձությունները Սիրիայում, նույնիսկ Թուրքիայի ներգրավածծությունը Սիրիայում (բայց այն մասշտաբներով, որով իրեն թույլ տրվեց), ցույց է տալիս, որ Թուրքիայի տարածաշրջանային ամբիցիաները բավականին զսպվում են այլ դերակատարների կողմից»:

Ինչ վերաբերում է Կատարին, ըստ քաղաքագետի, այն առանձնահատուկ գործոն է: Թուրքիան մինչ այս նույնպես ունեցել է ռազմական համագործակցություն Կատարի հետ, այնուամենայնիվ, քաղաքագետը չի կարծում, որ եթե Թուրքիան Կատարում ռազմական ներկայություն ունենա, չափից ավելի կավելացնի Մերձավոր Արևելքում իր հնարավորությունները` համեմատած այս պահին արդեն ունեցածի:

Քաղաքագետը նշում է, որ Մերձավոր Արևելքում «սև ու սպիտակ» չէ պատկերը, Մերձավոր Արևելքում երկրները կարող են մի խնդրի շուրջ ունենալ լուրջ տարաձայնություններ, այլ խնդրի կամ այլ երկրի շուրջ ընդհանուր մոտեցումներ կիսել.

«Նույն Կատարի առումով խնդիրներ կան սուննիական աշխարհի արաբական երկների հետ, բայց շահերի համընկնում կա Իրանի և Ռուսաստանի հետ: Սիրիայի դեպքում կա սիտուացիոն համաձայնություն Ռուսասանի և Իրանի միջև, բայց գլոբալ առումով շահերը բավական լուրջ հակասում են…», — նշում է Սերգեյ Մինասյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *