Ռազմական դրություն կհայտարարի ՀՀ կառավարությունը. նախագիծ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, ըստ որի՝ ռազմական դրություն կկարողանա հայտարարել ՀՀ կառավարությունը: Օրենքի նախագծով գործընթացը համապատասխանեցվում է ՀՀ նոր սահմանադրությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը

Այս պահին գործող օրենքով ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք են ՀՀ նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ նախագահի իրավասությունները:

2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում վերանայումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Կառավարությունը հավանություն է տվել նաև մեկ այլ օրենքի նախագծի, որի համաձայն՝ արտակարգ դրություն նույնպես կկարողանա հայտարարել ՀՀ կառավարությունը: Օրենքի նախագծով գործընթացը համապատասխանեցվում է ՀՀ նոր սահմանադրությանը:

Նշենք, որ օրենքի ուժ ստանալու համար նախագիծը դեռ պետք է հաստատվի ՀՀ Ազգային ժողովում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *