Հորմուզի նեղուցում իրանական նավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան ուղղաթիռի ուղղությամբ

Հունիսի 13-ի գիշերը  Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի նավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան երեք նավերին ուղեկցող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի CH-53E բեռնատար ուղղաթիռի ուղղությամբ։

Այս մասին հունիսի 14-ին  հայտնում է ամերիկյան  ABC News լրատվակայքը։

Ամերիկյան  USS Bataan (LHD 5) դեսանտային նավը, USS Cole (DDG 67) ականակիր նավը  և USNS Washington Chambers (T-AKE-11) բեռնատար նավը Հորմուզի նեղուցն անցնելիս են եղել, երբ իրանական նավը մոտեցել է մինչև 732 մ։ Հավասարվելով ամերիկյան նավերին՝ իրանական նավը լուսարձակ է միացրել նավերից մեկի ուղղությամբ, այնուհետև լազերային ճառագայթ արձակել ամերիկյան ուղղաթիռի ուղղությամբ։

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի CH-53E  բեռնատար ուղղաթիռ

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի CH-53E բեռնատար ուղղաթիռ

Այս ամենից հետո իրանական նավը լուսարձակ է միացրել USS Bataan նավի ուղղությամբ և զննել այն։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ուիլիամ Ուրբանի խոսքերով՝ գիշերային ժամերին ուղղաթիռի ուղղությամբ լազեր կիրառելը վտանգավոր է. այն կարող է ապակողմնորոշել  օդաչուին։ Իրանական նավերի այս գործողությունը Ուրբանը որակել է «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»․

Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Լազերիային ճառագայթներով նման գործողություններ սովարաբար կատարում են մարդիկ, ովքեր փորձում են կուրացնել ինքնաթիռի, կամ ուղղաթիռի օդաչուներին:

Նշենք, որ ԱՄՆ և Իրանի ռազմածովային  ուժերի միջև սա առաջին միջադեպը չէ։ 2017-ի ապրիլի 24-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Mahan ականակիր նավը վտանգավոր հեռավորությամբ մոտեցել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արագընթաց նավին։ 

Իրանական նավը  գտնվել էր  1000մ հեռավորության վրա։ Բախումից խուսափելու համար ամերիկյան նավը փոխել է ուղղությունը, վտանգի ազդանշան հնչեցրել, այնուհետև արձակել ազդանշանային հրթիռներ և պատրաստության վիճակի բերել սպառազինությունը։ Իրանական կողմը ազդանշաններ չէր տվել։

Միջադեպի առնչությամբ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում մասնավորապես նշել է՝ «Մեր ռազմածովային ուժերը  Պարսից ծոցում են գործում, ոչ թե Մեքսիկական ծոցում։ Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ են անում ամերիկյան նավերը իրենց հայրենիքից 7500 մղոն հեռավորության վրա»։

Տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել են այլ միջադեպեր ևս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *