[Լրացված] Հունիսի 14-ին հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.): Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը մահացել է առողջական խնդիրների պատճառով, հունիսի 14-ի առավոտյան:

Հոսպիտալի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն «Արմենպրես» գործակալությանը հայտնել է, որ հունիսի 13-ի առավոտյան զինծառայողը վիրահատության է ենթարկվել: Իրականացվել է «պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն»:

[Լրացում] Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

14.06.2017 թվականին՝ ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է 2017 թվականի մայիսի 30-ին «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք ընդունված, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի /ծնվ. 1995թ./ կենսաբանական մահը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն՝ սպլենոմեգալիա» ախտորոշմամբ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 13-ին Ն.Մխիթարյանը վիրահատվել և տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք: 14.06.2017 թվականին՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել է, 14.06.2017 թվականին՝  ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է կենսաբանական մահը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *