ԱՄՆ Սենատը կողմ է Սաուդյան Արաբիային 500 մլն դոլարի զենք վաճառելուն

Հունիսի 13-ին ԱՄՆ Սենատը 47 կողմ և 53 դեմ ձայներով մերժել է Սաուդյան Արաբիային  շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար գնահատվող «գերճշգրիտ զենքերի» վաճառքի արգելման մասին դեմոկրատների առաջ քաշած նախագիծը՝ այդպիսով կողմ արտահայտվելով վաճառքի պայմանագրի իրականացմանը:

Սաուդյան Արաբիային սպառազինության այս խմբաքանակի վաճառքի մասին հայտնի էր դարձել դեռ 2015 թվականին, սակայն մինչ այժմ դրա վաճառքի թույլտվությունը դեռ քննարկման առարկա է ԱՄՆ-ում:

Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքին դեմ են գերազանցապես դեմոկրատները: Իրենց դիրքորոշումը նրանք բացատրում են այն հանգամանքով, որ Եմենում դեռ շարունակվում են ռազմական գործողությունները, իսկ Սաուդյան Արաբիան ներգրավված է դրանցում, և սաուդցիների ձեռքում այդ զենքի հայտնվելը կհանգեցնի Եմենում քաղաքացիական անձանց մահվան թվի ավելացմանը:

Հիշեցնենք, որ դեմոկրատների իշխանության օրոք՝ 2016-ին, ԱՄՆ նույն պատճառաբանությամբ չեղարկել էր Սաուդյան Արաբիային գերճշգրիտ զինատեսակնեի վաճառքը:

ԱՄՆ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագավորը ստորագրում են զենքի վաճառքի մասին համաձայնագիրը

Նշենք, որ մայիսի 20-ին ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ստոևագրվել էր սպառազինության վաճառքի շուրջ 110 մլրդ ԱՄՆ դոլար գնահատվող գործարք:

Ըստ՝ ամերիկյան մասնագիտացված DefenseNews լրատվակայքի այս («գերճշգրիտ հրթիռների» վաճառքի մասին) նախագիծը ևս մաս է կազմում Սաուդյան Արաբիային 110 մլրդ դոլար գնահատվող զենքի վաճառքի ծրագրին:

Ավելի վաղ հայտնի էին դարձել զենքի արտահանման ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի միջև մայիսի 20-ին կնքված համաձայնագրի որոշ մանրամասներ, սակայն այդտեղ «գերճշգրիտ զենքերի» մասին տեղեկություն չկար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *