Հուլիսին Աստանայում կանցկացվի Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 4-ից 5-ը կանցկացվի Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունների հերթական՝ 5-րդ փուլը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը,   փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից (արխիվ)

Բոգդանովը մասնարամասնել է, որ այս պահին ընթանում են հանդիպման պատրաստության աշխատանքները: Հանդիպումը ենթադրվել է անցկացնել հունիսին, սակայն Թուրքիան և Իրանը հայտնել են, որ ժամանակը չի բավականացնի հանդիպման ընթացքում քննարկվելիք, Ռուսաստանի ներկայացրած բոլոր փաստաթղթերի նախագծերն ուսումնասիրելու համար:

Մինչ այս անցկացվել է բանակցությունների 4 փուլ՝ հունվարի 23-25-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին և մայիսի 4-5-ին։

Բանակցություններն անցկացվում են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Այդ երկրներընաև Սիրիայում կառավարական ուժերի և բանակցություններին ներգրավված զինյալ խմբավորումների միջև հրադադարի պահպանման «երաշխավորներ» են:

Բանակցությունների առաջին փուլի՝ հունվարի 23-24-ի ընթացքում  Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության էին հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ:

4-րդ փուլի՝ մայիսի 4-5-ի ընթացքում Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Աստանայում ստորագրել էին Սիրիայի տարածքում անվտանգության 4 գոտի ստեղծելու մասին համաձայնագիր: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ստանձնել էին համաձայնագրի կատարման երաշխավորի դերը:

«Անվտանգության գոտի» հայտարարվող շրջաններում արգելվել է զենք կիրառել, թույլատրելի է այնտեղ հումանիտար օգնություն ուղարկել: Բացի այս, Ռուսաստանը նաև ներկայացրել էր Սիրիայի նոր սահմանադրության նախապատրաստման առաջարկ-փաթեթ: Հիմնական հակասություններն այս հարցի շուրջ են, քանի որ Թուրքիան դեմ է Սիրիայի քրդերին որևէ կարգավիճակ տրամադրելուն, ինչպես նաև չի ընդունում Բաշար Ասադի իշխանության լեգիտիմությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *