Առաջիկա 2 ամսում Կատարում կտեղակայվի Թուրքիայի ԶՈւ 200-250 զինծառայող

Թուրքիան Կատարի մայրաքաղաք Դոհայի ռազմաբազայում նախ ժանդարմերիայի ստորաբաժանումներ կտեղակայի, իսկ այնուհետև Կատարա կուղարկվեն նաև Թուրքիայի ԶՈւ կործանիչներ և ռազմանավեր: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. (արխիվ)

Ժանդարմերիայի ստորաբաժանումները Կատարում մարզելու են այդ երկրի ներքին զորքերին: Իսկ ուղարկվելիք կործանիչների և ռազմանավերի թվաքանակի հստակեցման համար ապագայում զեկույց է պատրաստվելու:

Աղբյուրի տվյալներով՝ ներկայում Կատարում Թուրքիայի զինուժի 94 զինծառայող է ծառայություն իրականացնում: Առաջիկա երկու ամիսներին նախատեսվում է Կատարում տեղակայել Թուրքիայի ԶՈւ  200-250 զինծառայող:

«Հյուրիեթ» պարբերականը հայտնում է, որ չնայած Թուրքիան և Կատարը շատ վաղուց են համաձայնվել ռազմաբազայի ստեղծման հարցում, սակայն պատճառը որ այդ համաձայնագիրը չէր բերվում խորհրդարանի օրակարգ այն է, որ Կատարը ռազմաբազայի համար «ոչ մի պաշտոնական վայր» չէր տրամադրում:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև դեռևս 2016-ի ապրիլին կնքված «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը: Նույն օրը համաձայնագիրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահը:

Համաձայնագրով հաստատվում են Կատարում Թուրքիայի զինուժի երկարաժամկետ տեղակայման պայմանները, կանոնները, ինչպես նաև Կատարում տեղակայվելիք Թուրքիայի զինուժի կարգավիճակը:

Կատարում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ տեղակայելու և Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի պարագայում Թուրքիայի նախաձեռնությունների մասին ավելի մանրամասն այստեղ: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *