ԱՊՀ հակաօդային պաշտպանության զորավարժություն Մոսկվայում

Նոյեմբերի 28-ին Մոսկվայի մերձակայքում մեկնարկել է ԱՊՀ երկրների ռազմաօդային համատեղ զորավարժություն, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը,- հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Զորավարժություններ են անցկացվելու նաև ԱՊՀ տարբեր պետությունների օդային տարածքում:

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ օդատիեզերական պաշտպանական ուժերի մամուլի խոսնակ Ալեքսեյ Զոլոտուխինը, զորավարժության նպատակը ԱՊՀ երկրների սահմանները խախտող օդանավերի կասեցման կարողությունների բարելավումն է և մարտական պատրաստության ու փոխգործակցության բարձրացումը:

Մերձմոսկովյան հրամանատարական կետից համակարգվող զորավարժությանը մասնակցելու են ԱՊՀ երկրների 9000-ից ավել զինծառայող: Ռուսաստանի ՀՕՊ հրամանտարությունը կառավարելու է տարբեր մակարդակների130 հրամանտարական կետ, 160 էլեկտրոնային միավորում և մոտ 100 ինքնաթիռ ու ուղղաթիռ, որոնց թվում` ՍՈՒ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, ՍՈՒ-24, ՍՈՒ-25, ՏՈՒ-22, ՏՈՒ-160, ՏՈՒ-95, ԿԱ-27 և ՄԻ-8:

«Զորավարժության առանձնահատկությունը Ռուսաստանի Ա-50 օդային նախազգուշացման և հսկողական համակարգի ինքնաթիռների մանևրներն են»: Զորավարժությանը նաև մասնակցում են ՌԷՊ և ՀՕՊ հրթիռային զորքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *