Այսօր՝ հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին:
Ադրբեջանի կողմից Heron ԱԹՍ-ների ձեռքբերման մասին նախկինում ևս եղել են չհաստատված տեղեկությունները, սակայն սա սարքի ցուցադրության առաջին դեպքն է:
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի լիցենզիոն հավաքման թույլտվություն` 300մլն դոլարով։ Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։
Սակայն SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնվել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ հրապարակմանը կից լուսանկարում պատկերված սարքը որոշակի նմանություններ ունի իսրայելական Heron սարքի միանգամից երկու տարբերակի՝ Heron RPA և Super Heron:
Բնութագրեր | Heron RPA | Super Heron |
Առավ. արագությունը (կմ/ժ) | 180 | 277 |
Առավ. բարձրություն (կմ) | 10 | 9 |
Թռիչքի առավ. տևող. (ժամ) | 24 | 45 |
Նշենք, որ Super Heron տարբերակը Իսրայելը առաջին անգամ ներկայացրել է 2014-ին, և հավանականությունը քիչ է, որ հենց այդ տարբերակն են վաճառել Ադրբեջանին:
ԱԹՍ-ներն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: Դրանց տարբերակներ առկա են Իսրայելի, ԱՄՆ, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի և մի քանի այլ երկրների ԶՈւ սպառազինության մեջ: