ԱՄՆ-ն հնարավոր է 662 մլն դոլարի ռադարներ վաճառի Սաուդյան Արաբիային

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային շուրջ 662 մլն ԱՄՆ դոլարի AN/TPQ-53(V) ռադարային համակարգերի և հավելյալ սպառազինության հնարավոր վաճառքի նախագծին: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է մարզել Սաուդյան Արաբիայի ԶՈւ անձնակազմը:

Սաուդական կողմը ԱՄՆ-ից պատվիրել էր 26 միավոր AN/TPQ-53(V) ռադարներ և համակարգերը համար այլ սպառազինություն և զինամթերք:

AN/TPQ-53(V) ռադարային համակարգ

AN/TPQ-53(V) րադարային համակարգ

Նշված ռադարային համակարգերը արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը: Դրանք մաս են կազմում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ընդհանուր համակարգերի և նախատեսված են հակառակորդի օդային թիրախները հայտնաբերելու, տեսակավորելու և ուղեկցելու համար:

Սրանից բացի, ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համար վերապատրաստման ծրագրեր և վարժանքներ անցկացնելու նախագիծին: Այն գնահատվում է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի մեջ մտնում են երկրում և երկրից դուրս ռազմական կրթության, մասնագիտական կրթության, թռիչքային վարժանքների, ինչպես նաև անգլերեն լեզվի ուսուցման և այլ ծրագրեր:

Նշված երկու ծրագրերն էլ դեռ պետք է արժանանան ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 20-ին ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև կնքնվել է զենքի արտահանման խոշորագույն գործարք: Գործարքը գնահատվում է 110 միլիարդ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *