ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն համատեղ ՀՕՊ կազմակերպման հարցեր

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները կմասնակցեն «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Այդ նպատակով Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում կլինեն հունիսի 6-ից 8-ը:

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին (արխիվ)

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ.

  • Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
  • Ընդհանուր ղեկավարումը կովկասյան տարածաշրջանում իրականացնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը:
  • Հավաքական անվտանգության առանձին շրջանի (ՀՀ սամաններում) հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:
  • Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Այն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը համաձայնագրի գործողության ավարտի ժամկետից առնվազն 6 ամիս առաջ գրավոր ձևով մյուս կողմին չտեղեկացնի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Ավելացնենք, որ նման համաձայնագրեր Ռուսաստանը ստորագրել է նաև Բելառուսի և Ռուսաստանի հետ, նախատեսվում է նաև նման համաձայնագրերի կնքում նախատեսվում է նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *