Փետրվարից հետո բացառվել են դիվերսիաները. ՊԲ հրամանատար

Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները փետրվարյան դեպքերից հետո բացառվել են: Սահմանային իրավիճակն այս պահին կայուն լարված է, զարգացման միտումներ դեռևս չեն դիտվում: Նախորդ ամիսների հետ համեմատած՝ որոշակի նվազում և նվազման միտում կա, թեև ժամանակ առ ժամանակ լինում է լարվածության աճ, որը երկար չի տևում:

Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է լրագրողներին

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է լրագրողներին

«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով, կարելի է ասել՝ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան: Վերջնակետը եղել է փետրվարյան դեպքերը», — նշել է ՊԲ հրամանատարը:

Գեներալ-լեյտենանտի հավաստմամբ՝ տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներն ու խախտումները նույնպես մի քանի անգամ նվազել են: Ընդհանրապես 2017 թվականին այդ խախտումների քանակը ավելի քիչ է՝ 2016 թվականի հետ համեմատած:

Լևոն Մնացականյանը նաև նշել է, որ որակական տարբերություն էլ կա. եթե նախորդ տարի ավելի դիպուկ էին իրենց կրակոցները՝ չնայած ոչ մի ժամանակներում մինչև այդ դիպուկ չի եղել, այս տարի այս մասով որոշակի տարբերություն կա: Եվ հայկական կողմից տրվել են նպատակային պատասխաններ, որպեսզի հետագայում այդպիսի հարվածներ հասցնելու փորձ չձեռնարկեն.

«Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան թե նրանց՝ մեզ տվածը»:

ՊԲ հրամանատարի խոսքով՝ ադրբեջանական կողմից իրականացված գործողությունները միշտ ստացել են պատասխան: Չկա նրանց կողմից խախտում, որին հայկական կողմից պատասխաններ չտրվի:

Մնացականյանը նաև հայտարարեց, որ լրատվամիջոցներին ոչ բոլոր դեպքերում են ներկայացնում պատասխան գործողությունները, բայց ԵԱՀԿ համանախագահներին պատասխանները միշտ ներկայացնում են ու չեն թաքցնում, որովհետև խախտումը առաջին հերթին ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն են կատարում և խախտումը կատարելուց հետո պատասխանը ստանում են:

«Մենք չունենք ոչ մի թաքցրած դեպք համանախագահներից: Այդ դեպքից* հետո  անմիջապես խոսակցություն եմ ունեցել [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական] ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ և ներկայացրել եմ , թե ինչ է կատարվել իրականում. իրենք հարվածել են և պատասխանը ստացել են: Եվ առաջին դեպքն է, երբ համանախագահները բացեիբաց հայտարարեցին, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն իր հայտարարությունում ասաց՝ Ադրբեջանն է խախտել: Ինձ թվում է նման հայտարարություններ հետագայում հաճախակի կլինեն», — նշեց Լևոն Մնացականյանը:

* Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը  հակառակորդը կիրառել է Spike տիպի կառավարվող հրթիռ, ինչի հետևանքով մասնակի վնասվել է ՊԲ մեկ միավոր տեխնիկա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ համանախագահները մայիսի 18-ին հայտարարություն էին տարածել, որտեղ նշված էր, որ Ադրբեջանը հրթիռ է կիրառել, որին հայկական կողմը պատասխանել է ականանետային կրակով:

Գեներալ-լեյտենանտ Մնացականյանը հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները հունիսի 10-ին գալու են Արցախ, նրանց ներկայացվելու են տիրող իրավիճակը, նրանց վերջին այցից (2016 հոկտեմբեր) մինչև հունիսի 10-ը եղած բոլոր խախտումները և դրանց տրված պատասխանները:

Ավելի վաղ՝ մայիսի 29-ին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը դիվերսիաների թվի նվազումը պայմանավորել էր մեր զորքերի գործողություններով: Տեսադիտարկման սարքերով Արցախի առաջնագիծը համալրվել են լրիվությամբ, առաջնագծի մնացած հատվածը՝ մասամբ:

Մինչ այս ադրբեջանական կողմի վերջին դիվերսիան եղել է 2017թ. փետրվարի 25-ին: Շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կորուստներ պատճառելով հետ են շպրտել հակառակորդին ելման դիրքեր: Հակառակորդը տվել էր զոհեր:

Դիվերսիայի ընթացքը տեսաձայնագրվել էր ՊԲ տեխնիկական միջոցներով և տեղադրվել ՊԲ կայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *