Գերմանիան պատրաստ է դուրս բերել իր ԶՈւ ստորաբաժանումները Թուրքիայից. Գերմանիայի ՊՆ

Հունիսի 5-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուռսուլա ֆոն դեռ Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան իր զինված ուժերի ստորաբաժանումները Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազայից կտեղափոխի Հորդանան: Փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը:

«Անընդունելի է, որ մեր պատգամավորները չեն կարող այցելել մեր զինծառայողներին: Մենք պատրաստ ենք տեղափոխել զորքերը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ համամետաբար լավ այլընտրանք է ընդունվել Հորդանանի Ազրակ քաղաքի ավիաբազան:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները «Ինջիրլիք» ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես», 15/12/2015

Նա նաև հայտնել է, որ Հորդանանի թագավոր Աբդալլահը աջակցում է Գերմանիայի այդ նախաձեռնությանը: Ըստ նրա՝ Գերմանիայի կառավարությունը «Ինջիլիք» ռազմաբազայից զորքերը դուրս բերելու հարցը քննարկելու է չորեքշաբթի՝ հունիսի 7-ին:

Հունիսի 6-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան այդ հարցի շուրջ որևէ որոշում չի ընդունել և, որ Գերմանիան կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

Հունիսի 5-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի պատվիրակության «Ինջերլիք» ավիաբազա այցելելու փոխարեն կարող է այցելել Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա:

2017-ի մայիսին Թուրքիան չէր թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին, այն բանից հետո, երբ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան չի թույլատրում Գերմանիայի պատվիրակությանը այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: 2016-ի հուլիսին Թուրքիան արգելել էր Գերմանիայի  պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր  նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ծառայություն է իրականացնում շուրջ 250 գերմանացի զինծառայող: 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից Ինջիրլիքում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *