Դիրքապահները հիշում են մարտական առաջին հերթապահության մասին

Պաշտպանության բանակի դիրքերից մեկում Ռազմինֆոյի լրագրողը հայրենիքի, զինծառայողի ծննդավայրի, սիրած մասնագիտության, առաջին անգամ դիրք բարձրանալու մասին զրուցել է ժամկետային զինծառայողներ, մասնագիտությամբ դերասան Հովհաննես Սերոբյանի ու կրտսեր սերժանտ, մասնագիտությամբ գինեգործ Արմեն Մնացականյանի հետ։

Մասնագիտությամբ դերասան, ազգությամբ հայ, ծննդավայրով գյումրեցի, կոչումով շարքային Հովհաննես Սերոբյանը մեկ տարի է ինչ ծառայում է Պաշտպանության բանակում։

Մինչ ծառայության անցնելը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ Գյումրիի մասնաճյուղում որպես դերասան։ Ասում է՝ խաղացել է «Լիր արքա» ներկայացման մեջ, որը խաղալու են նաև վաղը և մյուս օրը, բայց ինքն այդ ներկայացման մեջ չկա։ Հարցնում եմ՝ անհանգստանու՞մ է, ուղղում է ՝ նախանձում է, բայց թող խաղացողներն էլ իրեն նախանձեն։

ՊԲ զինծառայող, շարքային Սերոբյան Հովհաննես

ՊԲ զինծառայող, շարքային Սերոբյան Հովհաննես

Չէր ուզում գալ ծառայելու, որովհետև նվիրված էր մասնագիտությանը, բայց երբ եկավ, մեկ ամիս – երկու ամիս – երեք ամիս, արդեն կամաց-կամաց ամրապնդվեց։ Ծառայության մասին պատկերացումները սկզբից այլ են եղել և ընդհանրապես այլ էին մարտական դիրքերում ընթացող ծառայության մասին։

Ասում է՝ լացը գալիս է, երբ հիշում է իրեն ծառայության առաջին օրվա ընթացքում։ Ասում է ու ժպտում։ Դիրքեր առաջին անգամ բարձրացել է ութ ամիս առաջ։

«Սրտի թրթիռ, վախ, ամեն ինչը սրտիս՝ դող, սրտիս սարսուռ էր։ Ինձ հետ հերթափոխ կատարող զինվորները անընդհատ հույս էին տալիս, որ հիմա կրակոց է լսվելու, չվախենաս հանկարծ, էս ձենն է գալիս, կդառնա սովորական … Միամիտ, երբ հանկարծ քայլելիս զենքդ քսվի պատին,  ձայնից չվախենաս, դառնաս էս կողմ, էն կողմ։ Մանդր-մանդր (ուղղում է ինքն իրեն՝ մանր-մանր — խմբ) բաներ, որոնցից սկզբում վախ էր առաջանում, բայց էդ վախն էլ ծնում էր դուխ կոչվածը»։

Սպասում է մյուս զորակոչին, որ պետք է գա, և բարձրանան դիրքեր, որ նորեկներին էլ ինքը հուսադրի, որ ամեն ինչ լավ է լինելու։

Լրագրողները «բռնացրել են» շնորհալի դիրքապահներից մեկին․ զինծառայողը արտասանում է Պարույր Սւևակի «Երջանիկ եղիր, դավաճան իմ սեր» ստեղծագործությունը, որը սովորել է անձնական հանգամանքներով պայմանավորված

Լրագրողները «բռնացրել են» շնորհալի դիրքապահներից մեկին․ զինծառայողը արտասանում է Պարույր Սևակ

Ասում է կարոտել է ծննդավայրը՝ Գյումրին․ «Չեմ կարող կտրվել իմ Լեննագան կոչվածից։ Քանդված տները … դրանք ամենաշատն եմ կարոտել»։

Շատերն ասում են, որ զորացրվելուց հետո ընկերական կապերը կորում են, իսկ ինքը չի պատկերացում, որ տղաներից ինչ-որ մեկը կարող է կորել։ Իրենք ընկերներ են, մարտական ընկերներ։

Ծառայության ընթացքում իր մեջ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել, մի քիչ ջղային է դարձել, դա էլ կանցնի։

«Լավ է, որ ծառայում եմ, ու գնում եմ մասնագիտությունս շարունակեմ»։

Ասում է՝ թող չփախչեն  այստեղից (աչքերով դիրքերն է ցույց տալիս), թող գան, կանգնեն, տեսնեն, զգան, պահպանեն։ Հայրենիքը պետք է հենց հայրենիքում սիրել։

«Դիտարկվում է հակառակորդի կողմից»

«Դիտարկվում է հակառակորդի կողմից»

Հովհաննեսի դիրքապահ ընկերներից է կրտսեր սերժանտ Արմեն Մնացականյանը, ով երկու ամիս Արմավիրում անցել է սերժանտական դասընթաց, իսկ սերժանտական կոչումը նոր-նոր է ստացել, շուտով կստանձնի նաև դիրքի ավագի պարտականությունները։

Առաջին անգամ դիրքեր է բարձրացել հոկտեմբեր ամսին։ Առաջին օրը անսովոր է եղել, հետո  աստիճանաբար հարմարվել է։ Սերժանտի ընկերուհին իրեն շատ է օգնում, ամեն օր խոսում են։

«Դժվարություններ շատ կան, բայց հիմնականը տանեցիներից առանձին լինելն է, բայց երբ նրանց շուտ ես տեսնում, ավելի մոտիկ ես լինում, ծառայությունն ավելի շուտ է անցնում»։

Մասնագիտությամբ գինեգործ է, ծառայությունն ավարտելուց հետո դեռ պլաններ չունի․ «կմտածենք էլի, կարևորը անփորձանք ծառայենք, հետո մնացածի մասին կմտածենք»։

Նորակոչիկների մաղթում է, որ շատն իրենց մասին մտածեն ու անփորձանք ծառայեն։

Կրտսեր սերժանտ Մնացականյանը՝ գնդացիրը գետնին հենած

Կրտսեր սերժանտ Մնացականյանը՝ գնդացիրը գետնին հենած

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *