Պարտադիր զինծառայությունից խուսափածները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից. նախագիծ

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում հավանություն է տվել օրենքի նախագծի, որով պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Որոշման նպատակահարմարությանն անդրադառնալով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նիստի ընթացքում հայտարարել է.

«Առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ: Այն լավագույն լուծումը չէ, քանի որ ժամկետը պարբերաբար երկարաձգելը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին: Նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից: Միևնույն ժամանակ պետք է խնդրեմ Ձեր հանձնարարականը, որ դրանից բխող որոշման վրա բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատենք և փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվենք, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից: Այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին նշել է, որ օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու խումբ սուբյեկտների վրա՝ շարքային անձնակազմի և պահեստազորի սպաների: Նրա տեսակետով՝ այդ երկու խմբերի վրա հավասարաչափ մոտեցում ցուցաբերելն արդարացված չէ:

«Այսինքն ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպա, նրանք օգտվել են բազմաթիվ արտոնություններից և այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի տակ պահելը, կարծում եմ, համաչափ չէ: Վերջիններս, գիտակցելով այս եղանակով խուսափելու հնարավորությունը, բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում և գումարներ վճարելով՝ ազատվում քրեական պատասխանատվությունից»:

Որոշվել է նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը լրացուցիչ քննարկել և ըստ նպատակահարմարության լրամշակել:

Նշենք, որ օրենքի 5-րդ հոդվածով վճարները օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նախկին փոփոխությամբ օրենքի գործողության ժամկետը երկարացվել էր մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նոր փոփոխության՝ ուժի մեջ մտնելու համար այն պետք է ընդունվի Հայաստանի Ազգային ժողովում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *