Մայիսի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր և, խախտելով դիտարկման անցկացման ընթացակարգի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, օգտագործել է հսկողության աերոստատ:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:
Նշենք, որ սա 2017 թվականի 10-րդ դիտարկումն է: Մինչ այս դիտարկումներ են անցակցվել և Արցախի, և Տավուշի ուղղություններում: Դրանց ընթացքում ոչ մի անգամ կրակոց չի արձանագրվել, սակայն երկու անգամ Ադրբեջանի զինուժը դիտարկման խմբին թույլ չի տվել գնալ առաջապահ դիրքեր:
2017 թվականի բոլոր դիտարկումների ժամանակագրությանն առաջարկում են ծանոթանալ ստորև: