ԱՄՆ-ն կարող է Boeing և Airbus ավիաընկերություններին չթույլատրել Իրանին ինքնաթիռներ վաճառել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերանայում է ամերիկյան Boeing  և ֆրանսիական Airbus ընկերություններին՝ Իրանին քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու մասին ԱՄՆ նախորդ կառավարության տրամադրած լիցենզիաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինասների նախարար Ստիվեն Մնուչինը։ Մայիսի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Այս առիթով Boeing ընկերության ներկայացուցիչը  հայտարարել է, որ ընկերությունը իրանական ավիաընկերությունների հետ աշխատելիս շարունակում է հետևել ԱՄՆ կառավարության հրահանգներին, իսկ իրանական ընկերությունների հետ ցանկացած պայմանագիր պետք է հաստատի ԱՄՆ կառավարությունը։

Airbus ընկերությունից դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։

Մնուչինը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն կանի ամեն ինչ Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար։

Հիշեցնենք, որ 2016 թվականից մարդատար ինքաթիռներ գնելու հարցի շուրջ Իրանը բանակցում էր ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ընկերությունների հետ։

Ֆրանսիական Airbus ընկերության հետ 118 միավոր մարդատար ինքնաթիռ (45 միավոր  A320, նույնքան A330, 16 միավոր A350, 12 միավոր A380) գնելու շուրջ Իրանը  պայմանավորվածություն էր ձեռք բերել 2016թ. հունվարի վերջին՝ Իրանի նախագահ  Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:

Հունիսին հայտնի դարձավ, որ  Իրանը մտադիր է  մարդատար ինքնաթիռներ գնել նաև ամերիկյան  Boeing ընկերությունից  (80 միավոր):  Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:

Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing  ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:

Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն  օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո  Իրանը 50 միավոր Boeing 737  և  30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին  համաձայնագիր ստորագրեց  Boeing ավիաընկերության հետ:

Այնուհետև Iran Air ավիաընկերությունը  Airbus-ի հետ  համաձայնության եկավ Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ՝ պատվերից հանելով 12 միավոր  A380 ինքնաթիռները, ինչի արդյունքում գործարքի արժեքը չի գերազանցել 10 մլրդ դոլարը:

2017 թվականի հունվարից Airbus-ը  սկսել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռների մատակարարումը։

Ինքնաթիռներն Իրանին մատակարարվելու են 10 տարվա ընթացքում: Գործարքի ընդհանուր արժեքը  շուրջ 17 մլրդ դոլար է:

Հավելենք, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հաճախ է հանդես գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։ Նա Իրանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու, տարածաշրջանը ապակայունացնելու, հրթիռային ծրագիրը զարգացնելու մեջ։ Նմանատիպ  մեղադրանքներով Իրանի նկատմամբ սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *