Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժությանը կներգրավվեն ՌԴ ԶՈւ «Իսկանդերներ»

Տաջիկստանում կայանալիք  «Դուշանբե-հակաահաբեկչություն-2017» զորավարժությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից  Տաջիկստան են տեղափոխվել ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։

Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար Վլադիմիր Զարուդնիցկին։

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Զարուդնիցկին հայտնել է, որ զորավարժության ընթացքում համալիրով մարտական կրակ են վարելու պայմանական ահաբեկիչների ուղղությամբ։

Հրթիռային համալիրները տեղափոխվել են Ան-124-100 «Ռուսլան» ինքնաթիռներով։ Զորավարժությունը մեկնարկելու է մայիսի 30-ին։

Ավելի վաղ  զորավարժությանը մասնակցելու համար Սու-24Մ ռմբակոծիչների ավիախումբը ՌԴ-ից վերատեղակայվել էր Տաջիկստանի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Այնի ավիաբազայում:

Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ  անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որ սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 և ավելի կմ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *