Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈւ-ն դիմել է հարձակման՝ կանխելով հակառակորդի հարձակումը

ՀՀ զինված ուժերում անցկացված վարժանքների թեման եղել են զորամասը մարտական պատրաստականության լրիվ աստիճանի բերումը, հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը, նպաստավոր բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարումը:

Վարժանքները իրականացվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի բազայի վրա՝ 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն: Զորավարժությունը ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը:

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը. լուսանկարը՝ ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

Զորավարժության մտահաղացմամբ՝ պայմանական հակառակորդը զորավարժությունների քողի տակ վերախմբավորվել է, այնուհետև հիմնական հարվածային ուժերը դուրս է բերել օպերատիվ նշանակության շրջաններ և սկսել հարձակողական գործողություններ իրականացնել:

Հակառակորդի ակտիվության վերաբերյալ տեղեկություններ ստանալով՝ հայկական ուժերը զորամիավորման հրամանատարի որոշմամբ բերվել են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: Մարտական տագնապով զորամասն իրականացրել է վերախմբավորում և առաջինը դիմել հարձակման:

Հակառակորդը մարտի մեջ է մտցրել իր օպերատիվ պահեստային ուժերը և կասեցրել է հարձակումը: Սակայն ռեզերվների բացակայության պատճառով փորձել է ամրանալ զբաղեցրած բնագծում:

Զորավարժության մասնակից զորամասի հրամանատարը կորպուսի հրամանատարից ստացել է մարտական կարգադրություն, այնուհետև կայացրել է որոշում,  զեկուցել է զորամիավորման հրամանատարին, որից հետո իրականացրել է տեղազննում, առաջադրել խնդիրներ:

Սահմանված ժամին զորամիավորման հրամանատարը ունկնդրել է գումարտակների հրամանատարների որոշումները, որից հետո կազմակերպվել է փոխհամագործակցությունը:

Համաձայն կայացրած որոշման՝ ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները՝ պաշտպանական մարտի վարման պատրաստականությամբ, և դիմակայել են հակառակորդի պահեստային ուժերի հակագրոհներին: Հայտարարվել է մասնակի դադար:

Բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը և զորավարժության շտաբի պետը վերլուծել են արդյունքները, նշվել են դեռևս առկա բացթողումները, գիտելիքները, տարբեր մարտեր վարելու ունակությունները, և տվել են մշտական տեղակայման վայր վերադարձի վերջնական ցուցումներ:

Անցկացված զորավարժությանն ընդգրկվել են զորամասի վարչակազմը, գումարտակների, դիվիզիոնի շտաբների, ստորաբաժանման հրամանատարներ և ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև ենթակա մյուս առանձին ստորաբաժանումների շտաբները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *