ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը

ՀՀ ԱԺ մայիսի 20-ի նիստի ընթացքում խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Մինչ այս՝ նախորդ գումարման խորհրդարանում նույնպես Կորյուն Նահապետյանը զբաղեցնում էր նույն հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը (այն ժամանակ՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով):

Ավիացիոն ինստիտուտի պետը Կորյուն Նահապետյանին ցույց է տալիս Սու-25-ի վարժասարքը

ՀՀ ՊՆ ռազմական-ավիացիոն ինստիտուտի պետը Կորյուն Նահապետյանին ցույց է տալիս Սու-25-ի վարժասարքը (արխիվ)

Խորհրդարանի առջև իր ելույթում Նահապետյանը նշել է, որ շարունակվելու է խորհրդարանական վերահսկողությունը պաշտպանության և անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների ոլորտներում:

Պատգամավորը կարևորել է պաշտպանական ոլորտում գնումների գործընթացի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մակարդակի բարձրացումը, ոլորտային օրենքների բարեփոխումը, միջազգային ռազմաքաղաքական կառույցների հետ համագործակցությունը, զինված ուժերի գրավչության բարձրացումը, առկա խնդիրների վերհանումն ու կարգավորումը, հանրությանը մտահոգող հարցերին ականջալուր լինելը:

 

Կորյուն Նահապետյանի կենսագրությունը (ԱԺ կայքից)

Ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երեւանում:

1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Իրավաբան:

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում:

Մասնակցել է մի շարք դասընթացների հետեւյալ թեմաներով` «Միջազգային առեւտուր եւ ներդրումներ» (1996թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), «Դատախազների ուսուցում» (1999թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (2000թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիեւ, Ուկրաինա), «Ներքին վերահսկողություն» (2001թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), «Ղեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում» (2003թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ):

1994-1998թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ` առաջատար մասնագետ: 1999-2006թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, ապա ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետեւ` իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ: 2006-2008թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011 թվականից` նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս:

2009-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: « Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ փաստաբանների միության պատվոգրով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.):

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկի:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *