2 թուրք գեներալ Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել. Bild

Գերմանական Bild պարբերականի կայքը մայիսի 17-ին սեփական աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ երկու գեներալ այցելել են Գերմանիա և քաղաքական ապաստան խնդրել: Ըստ նույն տեղեկության՝ գեներալներն այժմ փախստականների համար նախատեսված ճամբարում են:

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ. (արխիվ)

Քաղաքական ապաստանի համար դիմած գեներալները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված լինելու համար: Նրանց հարցը այժմ քննարկվում է գերմանական համապատասխան մարմնի կողմից, որն էլ պետք է կայացնի որոշումը:

Գերմանիայում քաղաքական ապաստանի համար դիմել են նաև մինչև հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ի բազաներ ուղղորդված զինվորականներ: Գերմանական կողմը հրաժարվում է նրանց արտահանձնել՝ տրամադրելով քաղաքական ապաստան: Խոսքը շուրջ 450 զինվորականների, դիվանագետների, դատական համակարգի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների մասին է:

Վերջին տարվա ընթացքում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարվել են: Անցյալ տարի Թուրքիան գերմանացի պաշտոնյաներին թույլ չէր տալիս այցելել «Ինջիրլիքում» Գերմանիայի ԶՈւ բազա՝ պատճառ բերելով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո դրան ավելացել է «Գերմանիայի կողմից ռազմական հեղաշրջման փորձի սատարումը», ինչպես բոնորոշում են Թուրքիայում: Գերմանիան իր հերթին հայտնում է, որ իրենք լուրջ կասկածներ ունեն, թե հեղաշրջման փորձը Թուրքիայի իշխանությունների նշածի նման Ֆեթհուլլա Գյուլենն էր կազմակերպել:

2017 թ. մայիսին Թուրքիան կրկին գերմանացի պաշտոնյաներին արգելեց այցելել ռազմաբազա, ինչից հետո Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ իրենք դիտարկում են այն այլ երկիր տեղափոխելու հարցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *