ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացներին մասնակցում են և ժամկետային, և պայմանագրային զինծառայողներ

Հայաստանի զինված ուժերի դիպուկահարների դասընթացները գործում են արդեն 5-6 տարի, Ռազմինֆոյի հետ զրույցում նշում է դասընթացների ղեկավարի տեղակալը: Մեզ հետ զրույցում նա նաև մանրամասնում է, թե ինչպես են անցկացվում պարապմունքները և թե ինչ զինատեսակներ են կիրառվում այդ ընթացքում:

Ապագա դիպուկահարների ընտրության նախնական փուլը կատարվում է հենց զորամասերում, երբ այնտեղ են ժամանում նորակոչիկները: Դրանից հետո զինծառայողներն ուղարկվում են դիպուկահարի դասընթացներին մասնակցելու, որպեսզի ավելի ուշ վերադառնան զորքեր՝ որպես դիպուկահար ծառայելու:

ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացի ղեկավարի տեղակալը (ձախից)

ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացի ղեկավարի տեղակալը (ձախից)

Razm.info-ի զրուցակիցը նշում է, որ դասընթացների ներգրավելիս իրենք հաշվի են առնում նաև հենց զինծառայողի ցանկությունը:

«Ամենաառաջին կարևոր հանգամանքն է, որ մարդ ցանկանա դառնալ այդ մասնագետը: Եթե չի ցանկանում դառնալ այդ մասնագետը, առաջին փուլի ընթացքում շարքերից հեռանում է, հետ է վերադարձվում իր զորամաս: Նա կարող է դիպուկահար մասնագետ լավ չծառայել, բայց այլ զենքի վրա, այլ մասնագիտությամբ ավելի լավ մասնագետ դառնալ, ոչ դիպուկարահ: Դիպուկահար ոչ ամեն մարդ կարող է դառնալ՝ կախված իր թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական կառուցվածքից», — նշում է մեր զրուցակիցը:

Դիպուկահարի դասընթացներին ներգրավվում են ոչ միայն ժամկետային, այլ նաև պայմանագրային կազմի զինծառայողներ:

«Եթե զորամասերում կան նաև պայմանագրային կազմի զինծառայողներ, որոնք ընդունվում են պայմանագրային ծառայության և հետագայում պետք է իրենց ծառայությունը շարունակեն որպես դիպուկահար մասնագետներ, զորամասերից ուղարկում են, որպեսզի հետագայում որպես դիպուկահար նրանք ավելի վարպետանան, ավելի մասնագիտանան և ունակությունները կատարելագործեն, կոնկրետ իրենց զենքին կարողանան ավելի հմուտ տիրապետել»:

Անկախ նրանից, որ պայմանագրայիններն անցել են երկու տարվա ժամկետային ծառայություն՝ միևնույն է, նրանք նույնպես անցնում են դասընթացները, քանի որ զինված ուժերի արդիականացման արդյունքում որոշ զինատեսակներ են փոխված լինում:

Դասընթացի ղեկավարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր զինատեսակ պահանջում է առանձին մասնագիտական պատրաստություն և ունակություններ՝ կածված զենքի հնարավորություններից, մարտավարատեխնիկական բնութագրերից:

«Օգտագործում ենք հիմնականում մեր զինված ուժերի սպառազինության մեջ եղած «ՍՎԴ» և խոշոր տրամաչափի մի քանի տեսակի այլ զենքեր, զինատեսակներ՝ տարբեր երկրների արտադրության», — նշում է մեր զրուցակիցը՝ ներկայացնելով դասընթացների ժամանակ ուսումնասիրվող դիպուկահար հրացանները:

Դիպուկահարներիի դասընթացի տևողությունը մեկ կիսամյակ է: Այդ ընթացքում, ըստ դասընթացի ղեկավարի տեղակալի, անցկացվում է դիպուկահարների պատրաստման 3 փուլ:

Սակայն մինչ այդ նորակոչիկներն իրենց զորամասերում անցկացնում են մոտ երկամսյա նախնական զինվորական պատրաստության պարապմունքներ: Այդ ընթացքում գործնական հրաձգություններ են իրականացնում ավտոմատով: Լավագույն արդյունքներ ցույց տվածներին ընտրում են որպես ապագա դիպուկահարներ՝ դասընթացին ուղարկելու համար:

ՀՀ ԶՈւ դիպուկահարը վարժանքների ժամանակ

ՀՀ ԶՈւ դիպուկահարը վարժանքների ժամանակ

Դասընթացի երեք փուլերից առաջինի ընթացքում զինծառայողներին տրվում են հիմնականում տեսական գիտելիքներ՝ զենքի ու մարտավարության վերաբերյալ, ինչպես նաև կատարվում են կրակային առաջին պարապմունքները:

«Նախնական փուլում անցկացնում ենք ուսումնական վարժություններ, նախնական հրագության վարժություններ … Սա հոգեբանական պատրաստության շրջանն է, որ մարդ հոգեբանորեն կարողանա պատրաստվել այդ կրակոցի ձայնին, զենքի հետհարվածին, որ ամեն կրակոցից հետո ստանում է մարմինը: Այսինքն՝ պատրաստվի, որ ամեն կրակոցին չսպասի, այլ դա իր համար սովորական բնույթ կրի … Առաջին փուլը՝ հոգեբանական փուլը, հաղթահարում է այդ բոլոր հոգեբանական արգելքները, բարյերները, որ գոյանում են զինծառայողի առջև կրակոց կատարելու պահին»:

Դասընթացի արդեն երկրորդ փուլում զինծառայողներն անցկացնում են տեսական գիտելիքները գործնականորեն ամրապնդելու, վարժվելու, հմտությունները զարգացնելու պարապմունքներ:

«Երկրորդ փուլում սկսում են արդեն ուսումնական ավելի բարդ վարժությունները և ստուգողական վարժությունները, որոնք պարունակում են ավելի մեծ հեռավորությունների վրա փոքր նշանակետերի խոցման ունակությունների ձևավորման և կատարելագործման պարապմունքներ»:

Մեկ կիսամյակ տևողությամբ դասընթացի երրորդ փուլում զինծառայողներն անցկացնում են համալիր վարժություններ: Սա դիպուկահարների պատրաստման վերջին փուլն է:

«Երրորդ փուլն արդեն առաջին և երկրորդ փուլերի համադրությունն է՝ և հոգեբանական, և ֆիզիկական ունակությունների, և գործնական հրաձգության հմտությունները զարգացնելու պարապմունքները»:

Ռազմինֆոյի զրուցակցի խոսքով՝ այս վարժությունները համատեղում են և հոգեբանական պատրաստությունը, և ֆիզիկական կոփվածությունը, և գործնական հմտությունների մակարդակի զարգացումը:

Այս փուլերից հետո պատրաստություն անցած դիպուկահարները վերադառնում են զորքեր՝ իրենց հետագա ծառայությունն անցկացնելու համար:

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

ՀՀ ԶՈւ զինծառայողը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին պատրաստվելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *