ՀՀ նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման հրամանագիրը

Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը: Հրամանագրում նշվում է.

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները`

Որոշում եմ

1. 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *