ՀՀ կառավարությունը մասնավոր ռազմարդյունաբերական ընկերություններին կփոխանցի պատվերի արդյունքները

ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստի ընթացքում որոշվել է «Պատնեշ», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերություններում իրականացված աշխատանքների արդյունքները որպես պետական շնորհ տրամադրել ընկերություններին:

Որոշման նախագծում կատարված աշխատանքների արդյունքների մասին մանրամասներ չկան, քանի որ հավելվածը գաղտնի է:

Հիմնավորման համաձայն՝ «Պատնեշ», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերություններում 2013-2016թթ. ՀՀ ՊՆ կարիքների համար պետական պատվերների շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Այդ աշխատանքների արդյունքները հանձնվել են Պատվիրատուին (պետությանը) և ենթակա են տնօրինման և պահպանման նրա կողմից:

Սակայն մյուս կողմից, կատարված աշխատանքների արդյունքներն անբաժանելի են ընկե­րության սեփականություն հանդիսացող շենքերից և շինություններից: Ստեղծված իրավիճակում աշխատանքների արդյունքներն իրացումից (հանձնում-ընդունումից) հետո ֆիզիկապես գտնվում են ընկերությունում, սակայն չունեն համապատասխան հիմքեր դրանց հաշվառումը և պահպանումն իրականացնելու համար:

Նկատի առնելով ընկերությունների ռազմավարական ուղղվածությունն ու զորահավաքային գործընթացում ներգրավածությունը, ինչպես նաև վերը նշված խնդիրը կարգավորելու համար նպատակահարմար է աշխատանք­ների արդյունքները ճանաչել որպես ոչ դրամային պետական շնորհ:

Նշենք, որ «Պատնեշ» ընկերության գործունեություն հիմնական ուղղությունները ներառում են ՀՕՊ ռազմական տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, կարգաբերում, վերականգնում և չափաբերում: Չարենցավանի հաստոցաշինական գործարանում նորոգվում են հայկական բանակի տանկերը և մյուս զրահատեխնիկան։

**

ՀՀ Հաշվապահական հաշվառման «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտում նշված է, որ.

Պետական օգնությունը պետության կողմից իրականացվող միջոցառում է, որը նախատեսում է տնտեսական օգուտներ տրամադրել որոշակի կազմակերպության կամ կազմակերպությունների խմբի, որոնք բավարարում են որոշակի չափանիշների: Սույն ստանդարտի նպատակներով՝ պետական օգնությունը չի ներառում այն արտոնությունները, որոնք տրվում են միայն անուղղակիորեն` առևտրային գործունեության ընդհանուր պայմանների վրա ազդող միջոցառումների ձևով, ինչպիսիք են զարգացող շրջաններում ենթակառուցվածքների ապահովումը կամ մրցակիցների նկատմամբ առևտրային սահմանափակումների կիրառումը:

Պետական շնորհները կազմակերպությանը ռեսուրսների փոխանցման տեսքով պետության կողմից տրամադրվող օգնություն են՝ կազմակերպության գործառնական գործունեությանը վերաբերող որոշակի պայմաններին անցյալում կամ ապագայում համապատասխանության դիմաց: Դրանք չեն ներառում պետական օգնության այն ձևերը, որոնց հնարավոր չէ խելամտորեն որևէ արժեք վերագրել, ինչպես նաև պետության հետ գործարքները, որոնք հնարավոր չէ տարանջատել կազմակերպության սովորական առևտրային գործարքներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *