Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 թուրք զինծառայող

Մայիսի 4-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառի հարավում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների տեղափոխող մեքենայի անցման ժամանակ պայթյունի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն (Արխիվ)

Թուրքական կողմը հայտարարում է, որ պայթուցիկ սարքը ճանապարհին տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Մեքենան պատկանում է Թուրքիայի ԶՈւ 1-ին մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությանը: Վիրավորված զինծառայողները հոսպիտալացվել են:

Բացի այդ, մայիսի 11-ին մահացել է մայիսի 9-ին թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորված 3 զինծառայողներից մեկը: Այս պայթյունի համար ևս մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինված ուժերը մարտի 29-ից նոր գործողություններ են իրականացնում է քրդերի դեմ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում: Բացի ցամաքային գործողություններից, Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին ինչպես իր երկրի, այնպես էլ Իրաքի տարածքում:

Մայիսի 10-ին Թուրքիայի օդուժը հարվածել է քրդական կառույցի դիրքերին հարավ-արևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգում: Հարվածների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 5 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Երկրի հարավում մի շարք բնակավայրեր են ավերվել, բացի այդ, իրենց բնակավայրերից տեղահանվել է 350-ից մինչև կես միլիոն մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *