Իրաքի ՌՕՈւ-ն ոչնչացրել է 100 ԻՊ զինյալի

Իրաքի ռազմաօդային ուժերը երկրի արևմտյան Անբար նահանգում վնասազերծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալի։ Այս մասին մայիսի 9-ին հայտնում է Iraqi News լրատվակայքը։

Քրդական NRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրաքյան ուժերը ավիահարվածներ հասցրել են Էլ-Ղայմ և Աննահ քաղաքներում ԻՊ դիրքերերին։ Էլ-Ղայմ քաղաքում սպանվել է 53 ԻՊ զինյալ, Աննահ քաղաքում՝ 47։

 

Իրաքում դեռ  ԻՊ զինյալների վերահսկողության տակ է Էլ-Ղայմ, Աննահ, Թալ Աֆար, Հավիջա  քաղաքները։

Ավելի վաղ  Անբար նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել էին Իրաքի կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա, ինչի արդյունքում  զոհվել էր Իրաքի բանակի 10 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել էր։

Ապրիլի 22-ին Իրաքի կառավարական բանակը ԻՊ-ից ազատագրել էր Անբար նահանգի կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներից մեկը, որը մինչև այդ օգտագործվում էր զինյալների կողմից Ալ-Հադիֆա քաղաքի վրա հարձակվելու համար:

Նշենք, որ 2014-2015-ին «Իսլամական պետությունը» կարողացել էր գրավել Անբար նահանգի մեծագույն մասը: Սակայն վերջին շրջանում Իրաքի կառավարական ուժերը վերահսկողությաւն են սահմանել նահանգի մի շարք տարածքներում:

Միաժամանակ Իրաքի կառավարական բանակը շարունակում է մարտերը Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման համար, իսկ Մոսուլի արևելքը ԻՊ զինյալներից ազատագրվել էր ընթացիկ տարվա հունվարին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *