Թուրք-իրանական սահմանին վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Մայիսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում՝ թուրք-իրանական սահմանին, Թուրքիայի ԶՈւ 34-րդ սահմանապահ բրիգադի զինծառայողների՝ ականների և պայթուցիկ նյութերի հայտնաբերման աշխատանքների ժամանակ պայթյունի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող: 

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի հիվանդանոց: Թուրքական կողմը պայթյունի համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին: Համաձայն աղբյուրի՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել թուրք-իրանական սահմանին «հենց քրադական կառույցի զինյալների կողմից»:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժի ու քրդերի միջև բախումները երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում կրկին ինտենսիվացել են: 2017-ի մարտի վերջից ուժային կառույցները նոր գործողություններ են սկսել քրդերի դեմ տարբեր նահանգներում: Բացի այդ, Թուրքիայի օդուժը հաճախ հարվածում է նաև քրդերի դիրքերին հարևան Իրաքի տարածքում, երբեմն նաև Սիրիայում:

Թուրքիայի ուժայինների և քրդական կառույցի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից և երկուստեք կորուստներով շարունակվում են մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *