Ադրբեջանը մասնակցելու է մայիսի 9-12-ը Թուրքիայում անցկացվելիք IDEF-2017 պաշտպանական արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսին, որին ներկայացնելու է շուրջ 260 անուն տեղական արտադրանք:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության կայքը:
Նշվում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորելու է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ով այցի շրջանակներում հանդիպելու է նաև Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ:
IDEF (International Defence Industry Fair) միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսն կազմակերպվում է 1993 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։ Ցուցահանդեսը անցկացվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո, իսկ կազմակերպման աշխատանքները համակարգում է Թուրքիայի զինված ուժերի հզորացման հիմնադրամը (TSK Güçlendirme Vakfı)։
Ադրբեջանը մասնակցել է նաև 2015-ին կազմակերպված ցուցահանդեսին:
Այս տարի ևս IDEF-ն անցկացվելու է Ստամբուլի «Թույափ» ցուցահանդեսների կենտրոնում։ Նշվում է, որ նախատեսվում է աշխարհի շուրջ 50 երկրներից մինչև 300 ընկերությունների մասնակցություն: Այդ թվում ցուցահանդեսի կմասնակցեն նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերություններ՝ Ռոսոբորոէքսպորտի միացյալ տաղավարով։