Միացյալ Նահանգների հովանավորությամբ կռվող և հիմնականում քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել է Սիրիայի Ռաքքա նահանգի Տաբկա քաղաքի հին թաղամասերը: Այս մասին մայիսի 1-ին հայտնում է Reuters գործակալությունը:
Այս քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը, բացի այդ այն մոտ 50 կմ հեռավարության վրա է գտնվում Ռաքքա քաղաքից:
SDF խմբավորումը հայտարարել է, որ իրենք «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել են Տաբկա քաղաքի 3 հին թաղամասերը և այժմ շարժվում են դեպի նոր թաղամասեր:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 27-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի մի հատվածի վրա, ինչպես նաև ԻՊ-ից գրավել են Տաբկայի ավիաբազայի տարածքը (պատերազմի ընթացքում ռազմաբազան գրեթե անօգտագործելի է դարձել): Սակայն ջրամբարի մի մասը շարունակում է մնալ ԻՊ վերահսկողության տակ:
Վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցնում է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Սիրիայում ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված: