[Լրացված] Ապրիլի 25-ին մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] ՀՀ քննաչական կոմիտեի կայքը տեղեկացնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով*, կատարվում է նախաքննություն:

* ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին կետ. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

[Լրացում] Մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության ընթացքում Կարեն Ավետիսյանի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների.

  • Ա. Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի, 360-րդ հոդվածի 1-ին մասերով,
  • Թ.Օվսիյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով** և 360-րդ հոդվածի 1-ին մասով*** (երկու դրվագ),
  • Է.Խանաղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

** ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

*** ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մաս. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *