Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին

Ապրիլի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և «PKK-ի այլ կառույցների*» դիրքերին Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում և Սիրիայի հյուսարևելյան Քարաչոք լեռան շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Քրդական ANF News գործակալությունը ևս հայտնել է, որ Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքի և Սիրիայի հյուսիսում քրդերիի դիրքերին: Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի օդուժը մասնավորապես թիրախավորել է Սինջարի և Սիրիայի հյուսիսում քրդերի ռադիոյի շենքերը: Սակայն քրդական գործակալության մոտ PKK-ն նշված չէ:

*Առհասարակ մասնավորապես Սիրիայի պարագայում Թուրքիան տեղի «Քրդական ինքնապաշտպանական ջոկատներին» համարում է «PKK-ի քրդական թև»: Սակայն այս տեսակետին դեմ են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և մի շարք այլ խոշոր խաղացողներ: Իրենց բնույթով ևս քրդական այս երկու կառույցները նման են, սակայն ամբողջովին նույնացնելը սխալ է:

Բացի այդ, ապրիլի 24-ին Թուրքիայի օդուժը քրդական կառույցի դիրքերին հարվածել է նաև Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում:

Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածում Իրաքի հյուսիսում քրդական կառույցի դիրքերին: Բացի այդ, Թուրքիայի զինուժը շարունակում է PKK-ի դեմ գործողությունները երկրի արևելյան և հարավարևելյան հատվածներում, այդ գործողություններին աջակցում է նաև օդուժը:

Իրաքի Սինջար շրջանը հիմնականում բնակեցված է եզդի բնակչությամբ: 2014-ից, Սինջարն եղել է «Իսլամական պետության» զինյալների ձեռքը: Սակայն 2016-ի նոյեմբերին Հյուսիսային Իրաքի քրդական զինուժը` փեշմերգան, ԻՊ-ից ազատագրել է Իրաքի Սինջար քաղաքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *