Թուրքիան մշակում է ռազմական օդաչուների սուր պակասը լրացնելու նոր ծրագիր

2016 թ. ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի զինուժում ռազմական օդաչուների պակասը լրացնելու համար բանակցում են Թուրքիայի ռազմական և քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները: Թուրքիայում առաջացել է օդաչուների ընդհանուր պակաս, և զինուժը համալրելու դեպքում արդեն քաղավիացիան կունենա օդաչուների պակաս: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալության կայքը:

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում Թուրքիայի քաղավիացիայի ընկերությունների հետ:

Թուրքիայի ԶՈւ ռազմական օդաչու, (ձախից), հեղաշրջման փորձից հետո ձերբակալված օդաչուներ (աջից)

Թուրքիայի ԶՈւ ռազմական օդաչու, (ձախից), հեղաշրջման փորձից հետո ձերբակալված օդաչուներ (աջից)

2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո հատկապես տուժել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերը, հեռացվել էր ռազմական օդաչուների զգալի մասը: Հետագայում թուրքական զինուժը հայտարարել էր նաև քաղավիացիայից նախկին ռազմական օդաչուների ընդունելություն, սակայն այս դեպքում խնդիրներ էին ունենում նաև քաղաքացիական ավիացիայի ընկերությունները: Այսպիսով ներկայում այդ քաղաքականությունը դեռևս շոշափելի արդյունքներ չի տալիս:

Այդ իսկ պատճառով ներկայում քննարկվում է թուրքական զինուժից քաղավիացիա անցած, համեմատաբար երիտասարդ օդաչուներին ժամանակավորապես ռազմաօդային ուժեր վերադարձնելու հարցը: Նրանք պետք է այդ ընթացքում հիմնականում զբաղվեն նոր կադրերի պատրաստությամբ:

Ծրագրի երկրորդ փուլում կիրառվելու է ԱՄՆ-ում գործող «պահեստազորայինի» համակարգը: Այն է՝ ժամանակին պարտադիր ծառայությունը անցած և ներկայում արդեն քաղավիացիայում աշխատող պահեստազորի օդաչուները պետք է 1 տարով վերադառնան ծառայության: Վերջիններս այդ մեկ տարվա ընթացքում պետք է վերականգնեն իրենց հմտությունները ռազմական ավիացիայի ոլորտում, իսկ այնուհետև՝ կրկին վերադառնան քաղավիացիա: Պատերազմական իրադրության դեպքում այդ օդաչուները կզորակոչվեն:

Ավելացնենք, որ դեռ 2016 թ. նոյեմբերի 18-ին, անդրադառնալով Թուրքիայի ռազմաօդային ուժերում օդաչուների պակասին, թուրքագետ Լ. Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահի դրությամբ ռազմական օդաչուները պահանջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս էին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *