[Լրացված] Ապրիլի 21-ին հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ ապրիլի 21-ին, Վայոց ձորում անցկացված ճամբարային հավաքի ժամանակ անվտանգության կանոնները խախտելու հետևանքով ծառայակցի արձակած կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը (ծնված` 30.08.1986թ.): Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Դեպքը եղել է ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում: Զորամասերից մեկի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակել է կրակոց, ինչի հետևանքով զինծառայող Նարեկ Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը … որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն։

[Լրացում] Ապրիլի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։

Պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25֊ի սահմաններում` Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած դաշտային պարապմունքների ժամանակ։

8-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել դեպքի վայրում գտնվող անձանց շրջանակը,հարցաքննվել ծառայակիցները։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված ԱԿՄՍ (АКМС) ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։

Կրտսեր սերժանտը ձերբակալվել է։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

[Լրացում] Ապրիլի 25-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայող Սարգսյանին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում` Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած դաշտային պարապմունքների ժամանակ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *