Թուրքիայի զինուժը PKK-ին հարվածել է տեղական ԱԹՍ-ի և ուղղաթիռի կիրառմամբ

Ապրիլի 20-ին Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին հարվածելու համար օգտագործել են տեղական արտադրության անօդաչու թռչող սարք, հարվածային ուղղաթիռ և նույնպես տեղական արտադրության հրթիռներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը:

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

Թուրքական աղբյուրի տվյալներով՝ տեղական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը քուրդ զինյալների գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել է թուրք-իտալական համատեղ արտադրության Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռին, որը թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության «Ջիրիթ» հրթիռներով խոցել է քրդերին: Ըստ նույն տեղեկության՝ գործողության արդյունքում սպանվել է 26 քուրդ զինյալ:

Ըստ թուրքական աղբյուրի՝ սա առաջին անգամն է, երբ «Աթաք» ուղղաթիռը գործողության ընթացքում համագործակցում է տեղական ԱԹՍ-ի հետ:

«Ջիրիթ» կամ MAM-L անվանումը ստացած հրթիռները համալրված են լազերային ուղղորդման համակարգով և նախատեսված են մինչև 8 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Հրթիռները զանգվածը 22,5 կգ է, այդ թվում մարտագլխիկը՝ 10 կգ:

Թուրքական արտադրության «Ջիրիթ» կամ MAM-L հրթիռ

Թուրքական արտադրության «Ջիրիթ» կամ MAM-L հրթիռ

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը. 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6.5 մետր,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Ավելացնենք, որ 2016 թ. թուրքական զինուժը կիրառում է նաև «Բայրաքթար» ԱԹՍ-ների հարվածային տարբերակը:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքիայի զինուժը 2017 թ. ապրիլի դրությամբ իր սպառազինությունում ունի 20 միավոր Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ: Ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։

Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:
Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *