Ադրբեջանի ԶՈւ հրամկազմն ամփոփել է անցկացված զորավարժությունը

Ապրիլի 21-ին Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում անցկացված կոլեգիայի նիստում ամփոփել են ապրիլի 16-ին մեկնարկած զորավարժության արդյունքները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետը, ՊՆ և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները ամփոփում են զորավարժության արդյունքները

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետը, ՊՆ և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները ամփոփում են զորավարժության արդյունքները

Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունը մեկնարկել էր ապրիլի 16-ին: Նույն տվյալներով՝ զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա:

Արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել էր, որ, ինչպես և նախորդ տարի անցկացված խոշոր զորավարժության դեպքում, այս մեկը ևս անցկացվել է (1, 2) միջազգային պայմանավորվածությունների խախտումներով:

Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ:

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ընդհանուր առմամբ, դատելով Ադրբեջանի ՊՆ տրամադրած լուսանկարներից, տեսանյութերից, զորավարժության կրակային փուլին ներգրավված են եղել.

  • «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • Տ-72 տանկեր,
  • Դ-30 հաուբիցներ,
  • «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից,
  • «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ,
  • ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ,
  • Մի-24 ուղղաթիռներ,
  • Սու-25 ինքնաթիռներ:
Ադրբեջանի ԶՈւ Տ-72 տանկերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ Տ-72 տանկերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ավելացնենք, որ նմանատիպ լայնածավալ վարժանքներ Ադրբեջանը վերջին ժամանակներում անցկացնում է գրեթե ամեն տարի:

Մասնավորապես,  2016 թ. հունիսի 19–24-ին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացվել սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանում։ Ներգրավվել էշուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, հրթիռային տեխնիկա, ավիացիա, ՌԾՈւ և ՀՕՊ տեխնիկա: Նախիջևանում անցկացված վարժանքը կրում էր «հակահարձակողական», իսկ Արցախին սահմանակից շրջաններում անցկացված մարտական կրակով հիմնական փուլը՝ «հարձակողական» բնույթ:

Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանի բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է խոշորամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում է շուրջ 60 հազար զինծառայող, այդ թվում նաև՝ Նախիջևանի առանձին համազորային բանակից:

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով (արխիվ)

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *