ՀՀ ՊՆ-ն սպայական ծառայության հնարավորություն կտա հատուկ դասընթացից ավարտած ուսանողներին

Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ՊՆ ներկայացրած «Պատիվ ունեմ» ծրագրով Հայաստանի քաղաքացիական բուհերի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսմանը զուգահեռ սպայական դասեր անցնել ու համալրել ՀՀ ԶՈւ շարքերը՝ 3 տարի ծառայության ժամկետով:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ սրանով ոչ միայն ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտական գիտելիքները կիրառել բանակում, այլև ստեղծվում է 3 տարի ծառայության փորձ ունեցող կրտսեր սպայական կազմի մեծ ռեզերվ:

Այդ օղակում ծառայող հրամանատարները, ըստ ծրագրի, իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները:

Ներկայում, ըստ ՊՆ ծրագրի, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են ՀՀ զինված ուժեր: Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում` անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն` անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու:

Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց:

Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:

Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել զինված ուժերին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ):

Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել նաև աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները:

Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

One response to “ՀՀ ՊՆ-ն սպայական ծառայության հնարավորություն կտա հատուկ դասընթացից ավարտած ուսանողներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *