ՀՀ ԶՈւ «հիբրիդային» ծառայությունը կլինի զորակոչիկի ընտրությամբ

Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Ես եմ» ծրագրով պարտադիր զորակոչի ենթակա երիտասարդները կարողանալու են կամավոր մեկնել «ժամկետային-պայմանագրային» ծառայության։  Այս մասին ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ, ապրիլ 2017

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ, ապրիլ 2017

Ծառայության ընդհանուր ժամկետը կտևի 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հեռավոր զորամասերում ծառայողների դեպքում որոշակի խնդիրներ կլինեն 1 շաբաթում տուն գնալու և ծառայության վերադառնալու հարցերում, սակայն դրանք լուծելի խնդիրներ են։

Այսպիսով, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ծառայության այս տարբերակը թույլ է տալու ծառայել նույնքան, որքան մյուս ժամկետային ծառայողները, սակայն, յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս զինծառայողին կվճարվի նաև որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար:

Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում․

  1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
  2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
  3. ուսման վարձի փոխհատուցում:

ՀՀ ՊՆ ծրագրի համաձայն՝ երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում: Ծրագիրը քննարկման համար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *