Սիրիայի ԶՈւ ինքնաթիռները տեղակայվել են «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ ԶՈւ ավիախմբի մոտ. CNN

Սիրիան իր ԶՈւ ինքնաթիռները մոտեցրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ զինված ուժերի ավիախմբին, որպեսզի դրանք կարողանա հնարավորինս ապահովել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հնարավոր հարվածներից: Այս մասին հայտնում է CNN լրատվակայքը՝ հղում անելով Միացյալ Նահանգներում իր ռազմական աղբյուրներին:

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Լրատվակայքը նշում է, որ Սիրիայի կառավարությունը հաշվարկում է, որ  «Հմեյմիմ» ավիաբազայի անմիջապես մոտակայքում Միացյալ Նահանգների ավիահարվածներ իրականացնելու հավանականությունն ավելի քիչ է: Դրանից զատ, ավիաբազայում, բացի ՌԴ ԶՈւ ավիացիայից, տեղակայված են նաև ՀՕՊ համակարգեր:

Նշվում է, որ տեղափոխվել են Սիրիայի ԶՈւ եթե ոչ ամբողջ շահագործվող ավիացիան, ապա դրա հիմնական  մասը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազանավից Սիրիայի ԶՈւ «Շայրաթ» ավիաբազայի վրա 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք «Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան Իդլիբում կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն»։ Ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ է ունեցել:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած  59 հրթիռներից տեղ է հասել միայն 23-ը, ինչի արդյունքում ոչնչացվել է վերանորոգման անգարներում գտնվող Սիրիայի ՌՕՈւ 6 միավոր Միգ-23 կործանիչ, ռադիոտեղորոշիչ կայանը և ուսումնական կենտրոնը:

Ավելի վաղ, ըստ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ շուրջ 60 մարդ էր սպանվել ապրիլի 4-ին Սիրիայի հյուսիսարևմուտքում ընդդիմադիր ուժերի վերահսկած Խան Շեյխուն քաղաքում քիմիական գազի կիրառման հետևանքով: Սակայն Ռուսաստանը և Սիրիան պնդում են՝ ապրիլի 4-ին Սիրայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում ահաբեկիչների զինտեխնիկայի կուտակումների և զինպահեստի, որտեղ պահվում էր քիմիական զենք, ոչ թե կիրառել է քիմիական զենք:

Նշենք, որ 2016-ի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի մասին օրինագիծը: Համաձայն պայամագրի՝ ՌԴ ԶՈւ ավիախումբը Սիրիայի տարածքում տեղեկայվում է սիրիական կողմի խնդրանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *